
Արմինֆո. 2021 թվականին գյուղատնտեսության ոլորտը գրանցել է 1,1 տոկոս անկում (2020թ. 1,4 տոկոս աճի փոխարեն), ինչը, հիմնականում, պայմանավորված էր հացահատիկի արտադրության ծավալների նվազմամբ: Այդ մասին հարցազրույցում հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը՝ վկայակոչելով ՀՀ վիճակագրական կոմիտեի ամփոփիչ տվյալները:
Այս համատեքստում փոխնախարարը տեղեկացրել է, որ, չնայած հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների 2.7% ավելացմանը, արտադրությունում արձանագրվել է 38% նվազում: Պատճառը, ըստ Խոջոյանի, հիմնականում ջրային ռեսուրսների պակասն է եղել։ Հաշվի առնելով կլիմայական պայմանների անկանխատեսելիությունը՝ նա կարեւորել է ժամանակակից ոռոգման համակարգերի ներդրումը։
"Գյուղատնտեսության ոլորտում ջրի դեֆիցիտն այսօր միջազգային մակարդակի ամենգլխավոր ռիսկերից մեկն է։ Ուստի շատ կարևոր է, որ ֆերմերները շտապեն ժամանակակից ոռոգման համակարգերի ներդրման հարցում, առավել եւս, որ պետական աջակցության ծրագրերի պայմաններն էապես բարելավվել են։ Այսուհետ ոռոգման համակարգի ներդրման դեպքում գյուղացիներին միջոցների վերադարձման գումարը կկազմի 50 տոկոս՝ նախկին 22 տոկոսի փոխարեն", - պարզաբանել է նա։
Ընդ որում, Խոջոյանը պատմել է արտադրանքի արտահանման ոլորտում դրական դինամիկայի մասին։ Մասնավորապես, տարվա արդյունքներով, փոխնախարարի խոսքով, Հայաստանից ագրոարդյունաբերական արտադրանքի արտահանումը կազմել է 432 մլրդ դրամ, ինչը 64 մլրդ-ով ավելի է, քան 2020 թվականին, եւ գրեթե հավասար է նախաքովիդյան մակարդակին: 2021 թվականին Հայաստանից միայն թարմ պտուղ-բանջարեղենային մշակաբույսեր արտաքին շուկաներ մատակարարվել են 207 հազար տոննա ծավալով, ինչը 140-145 հազար տոննայով ավելի է, քան արտահանվել է 2019 եւ 2020 թվականներին:
Խոսելով պետական աջակցության ծրագրերի մասին՝ փոխնախարարը պատմել է, որ 2021 թվականին կառավարությունը մոտ 150 մլրդ դրամ է հատկացրել գյուղատնտեսության ոլորտին աջակցելու համար։ Ընդ որում, բարձր պահանջարկ է վայելում լիզինգի աջակցության ծրագիրը: Նա նշել է, որ, ընդհանուր առմամբ, այս ծրագրի պորտֆելը կազմել է 13.5 մլրդ դրամ, ինչի շնորհիվ գյուղացիներին տրամադրվել է 1 350 միավոր գյուղտեխնիկայ: 2020 թվականին լիզինգային գործառնությունների պորտֆելի ծավալը կազմել է 8.8 մլրդ դրամ: Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, 2021 թվականին գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը կազմել է 977.3 մլրդ դրամ, ինչը 1 տոկոսով ցածր է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից: Մասնավորապես, միայն գյուղատնտեսությունում 1,1 տոկոսով անկում գրանցել՝ մինչեւ 933 մլրդ դրամ, անտառային տնտեսությունում՝ 25,9 տոկոսով ՝ մինչեւ 1.5 մլրդ դրամ։ Դրական թրենդի մեջ է հայտնվել միայն ձկնորսությունը։ Մեկ տարվա ընթացքում ձկնաբուծական տնտեսությունների արտադրության ծավալներն աճել են 3.2% - ով՝ կազմելով 42.8 մլրդ դրամ։