Չորեքշաբթի, 16 Փետրվարի 2022 13:48
Նաիրա Բադալյան

"Մենք կկորցնենք տեղական արտադրությունը". փորձագետը՝ Թուրքիայի հետ հաղորդակցությունների բացման հետեւանքների մասին

"Մենք կկորցնենք տեղական արտադրությունը". փորձագետը՝ Թուրքիայի հետ հաղորդակցությունների բացման հետեւանքների մասին

Արմինֆո.: Թուրքիայի հետ հաղորդակցությունների ապաշրջափակման դեպքում անխուսափելի է տնտեսական էքսպանսիան ոչ միայն Հայաստանի գյուղատնտեսության, այլեւ արդյունաբերության ոլորտներում։ Նման կարծիք է հայտնել տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, "Այլընտրանք" հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը՝ փետրվարի 16-ին "Արդյոք Հայաստանին սպառնում է աջարիզացում" թեմայով հեռուստակամուրջի ժամանակ  պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին։

 

Մանասերյանի խոսքով, այս փուլում Հայաստանի հասարակայնությունը պատրաստ չէ Թուրքիայի հետ բոլոր տիպի հաղորդակցությունների լիակատար ապաշրջափակմանը, քանի որ վստահության խնդիր կա: Ինքը՝ Թուրքիան, ինչպես հիշեցրել է փորձագետը, ժամանակին կոպտորեն խախտել է "ֆուտբոլային դիվանագիտության" շրջանակում ստանձնած պարտավորությունները եւ հրաժարվել է վավերացնել Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները:

 

Ինչպես կարծում է փորձագետը, եթե Թուրքիան իսկապես շահագրգռված է կապերի հաստատմամբ,  նա, օրինակ, կարող է աջակցել գրավյալ տարածքներում ներքին հաղորդակցությունների բացմանը: Անկարան պետք է նաև պահպանի այն կոնվենցիաներում ամրագրված սկզբունքները, որոնք հենց իր կողմից վավերացվել են՝ դեպի ծով ելք չունեցող երկրների մասով։ Նրա խոսքով, դրանք պահպանելու դեպքում Թուրքիան պարտավոր է դեպի ծով ելք ապահովել Հայաստանի համար, ընդ որում, անվճար, ինչը չի արվում։

 

Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման կոնկրետ տնտեսական ասպեկտներին, ապա դրանք ներկայում Հայաստանի համար այնքան էլ վարդագույն չեն թվում։ Թուրքական տնտեսության մրցունակությունը մեկ գլուխ բարձր է, չի կարելի հաշվի չառնել նաեւ մասշտաբի էֆեկտը, ինչպես նաեւ այն, որ Թուրքիայի կառավարությունը սուբսիդավորում է արտահանումը, նշում է փորձագետը: Բացի այդ, դեռեւս 1993 թվականին Թուրքիայի խորհրդարանը արգելք էր սահմանել հայկական արտադրանքի ներկրման համար։ "Այս պայմաններում մենք կկորցնենք տեղական արտադրությունը", - նշում է տնտեսագետը։

 

Մանասերյանն ընդգծում է. Հայաստանի իշխանությունները պետք է ունենան և օգտվեն տնտեսական դիվանագիտության ներուժից։ "Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ տնտեսական կապերի հաստատման գործընթացը հավասար մեկնարկային պայմաններ սահմանելու կարիք ունի։ Դրանք այսօր անհավասար են Հայաստանի համար", - նշում է տնտեսագետը։

 

Այս համատեքստում, տնտեսագետի կարծիքով, Հայաստանի կառավարությունը պետք է ձգտի հասնել վերահսկելի իրավիճակի, ինչպես դա արվել է, օրինակ, Եվրամիության ստեղծման դեպքում, "որը սկսվել է ածուխի և պողպատի միության հաստատումից"։ "Ռազմական արդյունաբերությունում օգտագործվող ռազմավարական նյութերը դրվեցին վերահսկողության տակ։ Ահա սրանից պետք է սկսեն թե Հայաստանը, թե Թուրքիան, թե Ադրբեջանը։ Հակառակ դեպքում ոչ ոք չի կարող բացառել նոր պատերազմի վտանգը", - հայտարարել է նա։

 

Նշենք, որ չնայած տարբեր փորձագետների անհանգստությանը, Հայաստանի իշխող ուժի ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ թուրքական ապրանքների էքսպանսիա ակնկալել պետք չէ։ Ինչպես վերջերս հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, թուրքական կապիտալն այսօր հանրապետությունում, ինչպես միշտ, առկա է։ Սակայն այս պահին չի մշակվում օրինագիծ ՝ թուրքական ընկերությունների կողմից ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների ձեռք բերում թույլ չտալու նպատակով։ "Մեր նպատակն է ոչ թե փակել տնտեսությունը որեւէ մեկի առջեւ, այլ ուժեղացնել այն եւ բարձրացնել մրցունակությունը այդ միջավայրում",- եզրափակել է նա: