
Արմինֆո. Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը (ԿԶԵՀ) Հայաստանին 518 հազար դոլարի դրամաշնորհ կտրամադրի աշխատանքի էլեկտրոնային բորսայի կայացման համար: Կառավարությունը փետրվարի 17-ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Աշխատանքի էլեկտրոնային բորսա» ծրագրի ֆինանսավորման համար դրամաշնորհի տրամադրման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Ըստ հիմնավորման՝ աշխատանքի էլեկտրոնային բորսայի նախագծումը, մշակումը և ներդրումը կապահովի հետևյալ հիմնական արդյունքները՝ առցանց ծառայությունների մատուցում ՀՀ քաղաքացիներին և գործատուներին՝ անհատական կաբինետի համապարփակ գործիքակազմի ապահովմամբ, հանրության շրջանում իրազեկման մակարդակի բարձրացում, բիզնես-գործընթացների թափանցիկության, արդյունավետության և հասցեականության բարձրացում, հաշվետվողականության հնարավորությունների ընդլայնում՝ վերլուծությունների և վիճակագրական նյութերի ձևավորման մոդուլի կիրառմամբ և այլն: