
Արմինֆո. Wizz Air ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Լառնակա- Երևան- Լառնակա և Հռոմ- Երևան- Հռոմ երթուղիներով: Այդ մասին հաղորդում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ մամուլի ծառայությունը:
«Wizz Air ավիաընկերությունը սույն թվականի հունիսի 22-ից մեկնարկելու է Լառնակա- Երևան- Լառնակա երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի օրերին: Ավիաընկերության Հռոմ- Երևան- Հռոմ երթուղով չվերթերը կմեկնարկեն սույն թվականի սեպտեմբերի 5-ից և կիրականացվեն երկուշաբթի և ուրբաթ օրերին:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ», - ասվում է հաղորդագրությունում:
Wizz Air-ը հունգարական բյուջետային ավիաընկերություն է, որի կենտրոնակայանը գտնվում է Բուդապեշտում: 2016 թվականին Wizz Air ընկերությունը բյուջետային ավիափոխադրող է ճանաչվել արդյունաբերության առաջատար հրատարակության ՝ Air Transport World ամսագրի վարկածով: AirlineRatings-ի վարկանիշում Wizz Air ընկերությունը դարձել է Եվրոպայի լավագույն բյուջետային ավիափոխադրողը 2020 թվականին: