
Արմինֆո.ԵԱՏՄ հարթակում ստեղծվել է Եվրասիական ոսկերչական արտահանման բյուրո, որը ձևավորել է իր կառավարման մարմինները և սկսել ակտիվ աշխատանքը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, Ոսկերչական բյուրոյի հիմնադիրների հանդիպման արդյունքներով հաստատվել են բյուրոյի կառավարման մարմինների թեկնածությունները, որոնք կզբաղվեն համաշխարհային շուկայում ինտեգրացիոն «հնգյակի» երկրների ոսկերչական արդյունաբերության զարգացմամբ և դիրքավորմամբ։
Բյուրոյի նախագահ (председатель) է ընտրվել ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանը։ Այդ թեկնածությունը ռոտացիոն սկզբունքով հաստատվում է 2 տարի ժամկետով՝ այբբենական կարգով։
Բյուրոյի հիմնադիրների ընդհանուր ժողովը Բյուրոյի նախագահ (президент) է ընտրել եվրասիական տարածքում հայտնի պետական գործիչ Կարինե Մինասյանին, ով նշանակալի ներդրում է ունեցել եվրասիական ինտեգրման գործընթացների խորացման և ոսկերչական միասնական եվրասիական շուկայի ստեղծման գործում։
Եվրասիական ոսկերչական կազմակերպությունը համաձայնեցված գործողությունների միջոցով զբաղվելու է ապրանքների արտահանումը խթանելու և ծավալներն ավելացնելու հարցերով։
Բյուրոն արդեն ակտիվորեն սկսել է մշակել եվրասիական ոսկերչական հովանոցային ապրանքանիշի (umbrella brending) ստեղծման հնարավորություններն ու պայմանները։
Եվրասիական ոսկերչական բյուրոն ինքնավար և անկախ մարմին է, որը որոշումներ է կայացնում՝ ելնելով իր հիմնադիրների և ոլորտի մասնակիցների դիրքորոշումից և շահերից: