Երկուշաբթի, 21 Փետրվարի 2022 18:46
Ալինա Հովհաննիսյան

ՏԿԵ նախարարի տեղակալն այցելել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ

ՏԿԵ նախարարի տեղակալն այցելել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ

Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանն այցելել է «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ը և ծանոթացել արտադրական պրոցեսին, հետևել պոչամբարների վիճակին։

Ինչպես ասվում է ՏԿԵՆ ֆեյսբուքյան պաշտոնական էջում զետեղված հաղորդագրությունում, փոխնախարարը ծանոթացել է նաև ջրի փակ շրջանառու համակարգին, որը ներդրվել է 2021 թ․ի ամռանը։ Ներկայումս ջրի շրջանառությունն իրականացվում է ամբողջությամբ փակ համակարգով, որը գրեթե բացառում է շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը, այդ թվում՝ տեխնիկական ջրերի հոսքը դեպի Արաքս գետ։

Նշենք, որ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը  մտնում է "GeoProMining" հանքարդյունաբերական ընկերությունների դիվերսիֆիկացված միջազգային խմբի ակտիվների "հայկական" պորտֆելի մեջ: Կոմբինատը գտնվում է Հայաստանի հարավում ՝ Իրանի հետ սահմանին, եւ հանդիսանում է Մեղրիի տարածաշրջանի խոշորագույն արդյունաբերական օբյեկտը ։ 2007 թվականից ընկերությունը  79 մլն դոլար ներդրումներ է կատարել ԱՊՄԿ-ի զարգացման և արդիականացման համար ։ Ներկայումս Ագարակի կոմբինատում աշխատում է 1040 մարդ ՝ 700 ԱՄՆ դոլար միջին աշխատավարձով։

«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն 2008-2021թթ. ՀՀ պետական բյուջե է վճարել 146 մլն դոլարի հարկեր և գանձումներ' ներառյալ ԱԱՀ-ի գծով վճարումները: Գործունեության արդյունքում GeoProMining ընկերությունը, ըստ պաշտոնական տվյալների, 10 տարվա ընթացքում ավելի քան 505 մլն դոլար է ներդրել Հայաստանի տնտեսության մեջ: