Չորեքշաբթի, 23 Փետրվարի 2022 14:57
Նաիրա Բադալյան

Մինչև տարեվերջ կավարտվեն Վեդու ջրամբարի կառուցման աշխատանքները. նախարար

Մինչև տարեվերջ կավարտվեն Վեդու ջրամբարի կառուցման աշխատանքները. նախարար

Արմինֆո. Ֆրանսիայի Հանրապետության կառավարության աջակցությամբ իրականացվող Վեդու ջրամբարի կառուցման դրամաշնորհային ծրագրի բնականոն ընթացքն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշում: Այդ մասին հաղորդել է Կառավարության մամուլի ծառայությունը:

 

Ինչպես նշել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ. պատվարի հիմնական կառուցման աշխատանքները մոտ 80 տոկոսով իրականացված են, այս տարվա վերջ ջրամբարի կառուցումը կավարտվի: «Բայց մյուս համակարգներն այնպես են կառուցված, որ այն գետերից հոսքերը, որ պետք է գան ու լցվեն ջրամբարը, գալիս, ջրամբարի տարածքով անցնում են ու ոռոգման սեզոնին ծառայեցվում բնակչությանը, մինչև ջրամբարը կլցնենք ամբողջովին», - ասել է նախարարը:

 

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ շուրջ 15 նոր փոքր ջրամբար կառուցելու անհրաժեշտության մասին խոսվել է նաև նախընտրական շրջանում. «Մենք հիմա այդ ծրագրի ուղղությամբ էլ որոշակի առաջընթաց ունենք: 2022թ. բյուջեով 2 մլրդ դրամ ենք հատկացրել ջրամբարների նախագծման համար: Սկսում ենք նաև Քասախի, Արգիճի, Աստղաձորի, Ելփինի, Արթիկի, Լիճքի և Եղվարդի ջրամբարների նախագծման աշխատանքները: Ընդ որում, շատ կարևոր է ընդգծել, որ մենք, ինչպես նախկինում պայմանավորվել ենք, այս նախագծման աշխատանքների ընթացքում, դիտարկում ենք նաև էներգետիկ հնարավորությունները, թե ինչքանով կարող են այդ ջրամբարները էներգետիկ պոտենցիալ ունենալ: Այսինքն՝ ջրամբարների կամ հոսքերի վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցելու, տեղադրելու նպատակահարմարությունը»: