
Արմինֆո.Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարածաշրջանային տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենին: Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը և ներկայացրել տնտեսության և ենթակառուցվածքների ոլորտներում Կառավարության նախաձեռնված բարեփոխումները: Երկուստեք ընդգծվել է կապիտալի շուկայի զարգացման ուղղությամբ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը:
Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՎԶԵԲ-ի հետ համագործակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը: Անդրադարձ է կատարվել Հայաստանում բիզնես միջավայրի բարելավման համար առկա նախադրյալներին և բիզնեսին աջակցելու գործող և հնարավոր նոր գործիքներին: Նշենք, որ ՎԶԵԲ-ը հանդիսանում է Հայաստանի առաջատար ինստիտուցիոնալ ներդրողը ։ 2021 թվականի սեպտեմբերի դրությամբ և Հայաստանում գործունեության մեկնարկի պահից (1992 թվականից) Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից ներդրվել է 1.56 մլրդ եվրո՝ ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային, էներգետիկ ոլորտներում 191 ծրագրի իրականացման համար: Ընդ որում, այդ ներդրումների 91 տոկոսն ուղղված է մասնավոր ձեռնարկատիրության զարգացմանը։ 2021 թվականին Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստանում ներդրել է ռեկորդային 175 մլն դոլար: