Չորեքշաբթի, 2 Մարտի 2022 14:55
Ալինա Հովհաննիսյան

Բիզնես. GSP+ համակարգի դադարեցումն այս պահի դրությամբ էական հետևանքներ չի ունեցել Հայաստանի տեքստիլ արտադրության վրա

Բիզնես. GSP+ համակարգի դադարեցումն այս պահի դրությամբ էական հետևանքներ չի ունեցել Հայաստանի տեքստիլ արտադրության վրա

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը  Հայաստանի տեքստիլ արդյունաբերության աջակցության ծրագրի շրջանակում այցելել է Լուռու մարզի «Գլորիա», «Սարտոն» և  «Տաշիր-կար» տեքստիլ ընկերություններում։ Նրան ուղեկցել է տեքստիլի ոլորտի  զարգացման փորձագետ Տիգրան Ջրբաշյանը:

 

Ինչպես հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը, նախարարի տեղակալը շրջայց է կատարել արտադրամասերում, տեղում ծանոթացել արտադրական գործընթացին և արտադրվող տեսականուն։ Նա ողջունել է թեթև արդյունաբերության ոլորտում իրականացվող աշխատանքներն ու  նշել, որ Հայաստանի կառավարությունը շահագրգռված է խթանել ոլորտը՝  հաշվի առնելով տեքստիլ արդյունաբերության աճի ներուժը։

 

«Գլորիա» ընկերությունը Հայաստանի ամենախոշոր տեքստիլ ընկերություններից մեկն է, որն ապահովում է 2887 աշխատատեղ Լոռու մարզի բնակիչների համար։ Ընկերության արտադրամասերը հագեցած են ժամանակակից լավագույն տեխնոլոգիաներով և սարքավորումներով, ինչը հնարավորություն է տալիս  արտադրելու եվրոպական որակին և ստանդարտներին համապատասխան, բարդ տեխնոլոգիաներով մշակված հագուստ՝ համաշխարհային տարբեր բրենդների համար։

 

«Սարտոն» ընկերությունն ունի մոտ 350 աշխատատեղ,  արտադրում է  իտալական «MoncIer» ապրանքանիշի  մանկական արտադրատեսականին։ Ընկերության հիմնական խնդիրն աշխատուժի պակասն է։

 

«Տաշիր-կար» ընկերությունն իրականացրել է տեխնոլոգիական վերազինում, ընդունում է մեծաքանակ պատվերներ արտերկրից։ Ընկերությունը նախատեսում է ընդլայնել իր արտադրական ծավալները, պարբերաբար համալրում է աշխատատեղերը, աշխատում է  սեփական բրենդն ունենալու ուղղությամբ։

 

Այցերի ընթացքում հավաքագրված խնդիրների շարքում են դարձյալ տեքստիլ ոլորտի մասնագետների և նրանց վերապատրաստումների հարցը։ Այս հարցի լուծմանը կարող է նպաստել ինչպես միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ստացած կրթությունը, այնպես էլ  կարճաժամկետ դասընթացները, որտեղ առանց տարիքային  սահմանափակումների կանայք  կարող են համապատասխան հմտություններ ձեռք բերել և աշխատել տեքստիլ ընկերություններում։

 

Գործարարների հետ քննարկվել է նաև GSP+ համակարգի դադարեցման ազդեցությունն իրենց գործունեության վրա։ Գործարարների փոխանցմամբ  GSP+ համակարգի դադարեցումն այս պահի դրությամբ էական հետևանքներ չի ունեցել իրենց արտադրության վրա։

 

«ՀՀ տեքստիլ արդյունաբերության աջակցության» ծրագիրը մեկնարկել է 2022 թվականի հունվարին և իրականացվում է Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ, ՎԶԵԲ աջակցությամբ և Գործարարության աջակցման գրասենյակի համակարգմամբ: Ծրագիրն ուղղված է Հայաստանում կայուն և ներառական տեքստիլ արդյունաբերության զարգացմանը. վերջինս ընդգրկված է Հայաստանի տնտեսության հիմնական ռազմավարական գերակայությունների շարքում:

 

Հիշեցնենք, որ 2022 թվականի հունվարի 1-ից Հայաստանի արտահանողներն այլեւս չեն կարող օգտվել Եվրոպական միության GSP+ առեւտրային արտոնությունների ռեժիմից: ԵՄ արտոնությունների ռեժիմը (GSP +) մաքսային արտոնությունների համակարգ է, որը թույլ է տալիս ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրներին զրոյական կամ իջեցված մաքսատուրքերով ԵՄ շուկա արտահանել ավելի քան 6 200 ապրանքատեսակ: Փորձագետների գնահատմամբ, GSP+ առեւտրային արտոնությունների համակարգից բացառման արդյունքում Հայաստանն ընթացիկ տարում կկորցնի ԵՄ իր արտահանման 20 տոկոսը կամ մոտ 114 մլն դոլար: Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի տեքստիլ արդյունաբերության արտադրանքի ծավալները 2021 թվականին աճել են 2.1 անգամ՝ ապահովելով 1.9 մլրդ դրամի (ավելի քան $3.7 մլն) արտադրության ծավալ: Մեկ տարի առաջ հատվածը գրանցել էր բավականին լուրջ անկում՝ 31,6%: