Հինգշաբթի, 3 Մարտի 2022 18:01
Նաիրա Բադալյան

Հայաստանը երկարաձգել է պղնձի եւ մոլիբդենի խտանյութի երրորդ երկրներ արտահանման արգելքը

Հայաստանը երկարաձգել է պղնձի եւ մոլիբդենի խտանյութի երրորդ երկրներ արտահանման արգելքը

Արմինֆո. Կառավարությունը մարտի 3-ի նիստում հավանություն է տվել ՀՀ-ից պղնձի խտահանքի, մոլիբդենի խտահանքի, մոլիբդենի եւ դրանից պատրաստված արտադրատեսակների (բացառությամբ 810297000՝ թափոններ եւ ջարդոն)՝ դեպի երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, արտահանման լիցենզավորման ընթացակարգը եւ հայտերի ու լիցենզիաների ձեւերը սահմանելու մասին որոշմանը:

 

Ինչպես հաղորդել է կառավարության մամուլի ծառայությունը, ըստ հիմնավորման, վերջին տարիներին համաշխարհային շուկայում արձանագրվում է գունավոր մետաղների բորսայական գների աճ, ինչը բարենպաստ պայմաններ է ստեղծում Հայաստանի մետաղական հանքարդյունաբերության ոլորտի եկամուտների աճի և ոլորտի հետագա զարգացման համար։ Կարգով նախատեսվում է տրամադրել արտահանվող այդ ապրանքների համար լիցենզիա, որտեղ կնշվի արտահանվող ապրանքի քանակը, իսկ հայտատուն կարող է այն արտահանել լիցենզիայով սահմանված ժամկետում առանձին խմբաքանակներով՝ լրացնելով լիցենզիայում նշված սահմանաչափը։ Ընթացակարգը հնարավորություն կընձեռի հնարավորինս նվազեցնել վարչարարությունը և մեկ լիացենզիայի միջոցով արտահանելու տարբեր խմբաքանակներ՝ առանց յուրաքանչյուր անգամ լիազոր մարմնին դիմելու։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ հանքարդյունաբերական արտադրանք արտահանող ընկերությունների համար հաճախակի առաջանում է անհրաժեշտություն արտահանել երրորդ երկիր ոչ մեծ քանակի (մինչև 50 կգ) արտադրանք լաբորատոր անալիզների համար, նպատակահարմար է գտնվել տարանջատել տրամադրվող արտահանման լիցենզիաների գործընթացից այն նպատակով, որ լաբորատոր անալիզների համար փոքր քանակի արտադրանքի արտահանումն իրականացվի առանց լիցենզիայի։ Կարգով լիցենզիաների տրամադրման համապատասխան մարմին է սահմանվել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

 

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հիշեցրել է, որ մոտ 6 ամիս նախարարությունը հանդես է եկել պղնձի և մոլիբդենի խտանյութի, ինչպես նաև ֆեռոմոլիբդենի և այլ նմանատիպ արտադրատեսակների արտահանման համար լրացուցիչ տուրք սահմանելու նախաձեռնությամբ: «Մենք ներդրեցին լրացուցիչ տուրք, որպեսզի ընդերքի թանկացման որոշ մասը մտնի պետբյուջե և ծախսվի կառավարության ծրագրով և բյուջեով սահմանված կարիքների համար: Նախորդ 6 ամիսների գործողությունը ճշգրտոերն համընկնում է մեր կանխատեսումների հետ: Մենք կանխատեսել էինք, որ 6 ամսվա ընթացքում պետբյուջե կմուտքագրվի մոտ 35 մլրդ դրամ, ու հենց այդքան էլ հավաքագրվել է»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ պղձի գներն այսօր ավելի են բարձրացել:

 

Վահան Քերոբյանը նշել է, որ տուրքի չափերը թողվել է նույնը. «Զուգահեռաբար աշխատում ենք Ռոյալթիի օրենքի փոփոխության վրա, որպեսզի ոչ թե նման միանգամայա որոշումներով այդ գործընթացն արվի, այլ ընդհանուր տանք այն կարգավորումը, որը առաջիկա տարիներին ավելի արդար և ճիշտ կբաշխի հասույթը ՀՀ քաղաքացիների և ընդերքը շահագործողների միջև»:

 

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կայացրած որոշումն արդարացրել է սպասելիքները, և պետք է շարունակել այս պրակտիկան մինչև ռոյալթիի նոր կարգավորումների ընդունումը:

Վարչապետն անդրադարձել է նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի վերաբերյալ քրեական գործին. «Մի քանի օր առաջ Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն տարածեց, որ քրեական գործի շրջանակում, որը հարուցված էր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» կողմից հարկային պարտավորությունները չկատարելու հետ, պետական բյուջե է վերականգնվել 15 միլիարդ դրամ, որը վերջին տարիների երևի ամենախոշոր վերականգնումներից մեկն է»:

 

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը մանրամասներ է ներկայացրել այդ քրեական գործի վերաբերյալ: «Եթե հիշողությունս չի դավաճանում, քրեական գործի շրջանակում սա ամենամեծ վերականգնումն է: Բազմադրվագ քրեական գործ էր քննվում, կոնկրետ ՍՊՄԿ-ին առնչվող դրվագը կապված է 2016-17 թվականներին կնքված սթրիմինգային պայմանագրերի հետ, որի միջոցով քրեական գործով ձեռք են բերվել ապացույցներ, որոնք վկայում են այն մասին, որ դա նպատակ է ունեցել հարկվող շահույթը քայքայելու: Քրեական գործի շրջանակում ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք էր առաջադրվել ՍՊՄԿ-ի նախկին տնօրենին, ով մեղադրանքն ընդունել է: Նշանակվել է նաև ստուգում, համալիր հարկային ստուգման մասին է խոսքը, որի շրջանակում էլ հենց ձեռք բերված ապացույցների հիման վրա և ստուգման ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա կազմվել է ակտ: Հիմնականում ռոյալթիի և շահութահարկի դրվագներով և ընկերությանն առաջադրվել է 15 միլիարդի պարտավորություն: Այս ստուգման ակտը կազմվել է 2021 թվականի դեկտեմբերի վերջին: Ակտի դեմ առարկություններ չեն ներկայացվել, չի բողոքարկվել ակտը և ժամկետը լրանալուն պես՝ անբողոքարկելի դառնալուն, վճարումը կատարվել է և արդեն ունենք պետական բյուջեի եկամուտներ շուրջ 15 միլիարդի չափով»,- ասել է Ռուստամ Բադասյանը՝ հավելելով, որ 15 միլիարդը չի վճարվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի առկա ակտիվներից, վճարումը կատարվել է ֆիզիկական անձի կողմից:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հարգելի գործընկերներ, դուք գիտեք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն այլևս համասեփականատեր է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի»: Մենք նաև այս ընթացքում տնօրենների խորհրդում մեր ներկայացուցչին ենք նշանակել և առաջիկայում մեկ-երկու տեղերում այլ նշանակումներ ևս կիրականացնենք: Բայց շատ մեծ տնտեսություն է և այդ տնտեսության մասին ամբողջական պատկեր կազմելը և արդյունավետության մակարդակը բարձրացնելը դեռ ժամանակ կպահանջի»: