Արմինֆո.Կառավարությունն այսօրվա նիստում վերաբաշխում է կատարել պետբյուջեում, փոփոխություն և լրացում նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Երասխի և Մեղրիի հատվածների երկաթգծի վերականգնման նախագծի նախնական առաջադրանք ունենալու պահանջով պայմանավորված:
Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, ըստ այդմ նախատեսվում ՀՀ երկաթուղու Երասխի և Մեղրիի հատվածների երկաթգծի վերականգնման նախագծի նախնական առաջադրանքի կազմման համար և իրականացնել 43 կմ գեոդեզիական հանութագրման աշխատանքներ: Պետք է իրականացնել վերոգրյալ հատվածում առկա 9 թունելների (3050մ), 22 սրահների (2400 մ), 5 փոխհատումների, 2 կամուրջների, 20 կմ ավտոմոբիլային ճանապարհի, 10 կմ ոռոգման խողովակաշարի և 4 կայարանի շենք շինության ակնադիտական և գործիքային հետազննություն, լաբորատոր փորձարկումներ և հաշվետվությունների կազմման աշխատանքներ:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է. «Մասնագիտական խումբ ենք գործուղում այնտեղ, որոնք ուսումնասիրություն կիրականացնեն: Խումբը հիմնականում բաղկացած է Ճարտարապետության ու շինարարության համալսարանի գիտնականներից, որոնց մասնագիտական փորձը բավարար է այդ աշխատանքների պատշաճ իրականցման համար։ Խմբի հետ կաշխատեն նաև Հարավկովկասյան երկաթուղու երկու գործընկեր»:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ երկաթուղու այս հատվածը Երասխ-Սադարակ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայաստանյան հատվածն է։ «Սա շատ կարևոր իրադարձություն է և կրկին ուզում եմ հույս հայտնել, որ մենք նաև զուգահեռ դե յուրե կամրագրենք այն պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել 2021թվականին Սոչիի և Բրյուսելի եռակողմ հանդիպումների ընթացքում։ Բայց մինչ այդ աշխատանքը չի կանգնում։ Այսինքն` մենք զուգահեռ աշխատում ենք, որպեսզի նաև ժամանակը ռացիոնալ օգտագործենք»,– ասել է վարչապետը։
Կառավարության ղեկավարը նշել է նաև, որ այս ամենը դիտարկվում է «Հայկական խաչմերուկ» նախագծի շրջանակում. «Շատ կարևոր է, որ մենք հիմա աշխատանքներ ենք իրականացնում նաև ավտոմոբիլային ճանապարհների հնարավոր երթուղիների, այդ թվում նոր մայրուղիների կառուցման համար: Եվ շատ կարևոր է, որ մենք քննարկում ենք նաև այդ երթուղին «Հյուսիս-հարավ» նախագծի հետ ինտեգրելու հարցը: Այս ուղղությամբ նույնպես արդեն նախաձեռնում ենք դաշտային աշխատանքներ, որպեսզի առավել մեծ կոնկրետություն լինի»: