
Արմինֆո.Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագիրը:
Ինչպես հաղորդել է կառավարության մամուլի ծառայությունը, ըստ հիմնավորման, հանրապետությունում վերջին երեք տարիներին անասնաբուծության համախառն արտադրանքը նվազել է՝ 2018 թ. 477,1 մլրդ դրամի փոխարեն 2020 թվականին կազմել է 433,8 մլրդ դրամ։ Նվազել է նաև առանձին անասնաբուծական արտադրանքների արտադրության ծավալները՝ միս (սպանդային քաշով) 108,2 հազար տոննայի դիմաց 2020 թվականին արտադրվել է 107,7 հազար տոննա, 2018 թվականին արտադրված 697,7 հազար տոննա կաթի փոխարեն՝ 654,3 հազար տոննա։ Բացի ընդհանուր ցուցանիշների նվազումից, առկա են խնդիրներ նաև սեզոնայնությամբ պայմանավորված կաթի արտադրության և իրացման կազմակերպման հարցում։ Ծրագրի նպատակն է անասանբուծության ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերի շրջանակում կատարվող ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով նպաստել անասնաբուծական հիմնական արտադրատեսակների արտադրության ծավալների ավելացմանը, ինքնաբավության մակարդակի ավելացմանը, տեղական արտադրության խթանմանը, հանրապետությունում հավելյալ արժեքի ստեղծմանը, ճյուղի գրավչության մակարդակի բարձրացմանը։ Ըստ այդմ՝ առաջարկվում է ՀՀ բոլոր մարզերում անասնաբուծության ճյուղում ներդրումային ծրագրերի շրջանակում տնտեսավարողներին տրամադրել առավելագույնը 5 փուլով փոխհատուցում, ընդ որում 1 շահառուին տրամադրվող փոխհատուցումը առավելագույնը կկազմի ընդամենը կատարված ներդրումների 35%-ը, բայց ոչ ավելի քան 3,5 մլրդ դրամը, իսկ միայն թռչնաբուծության ուղղությամբ ոչ ավելի քան 2,8 մլրդ դրամը։ Ներդրումների կառուցվածքում կապիտալ ներդրումների տեսակարար կշիռը պետք է կազմի 70 տոկոս և ավելին, որի առնվազն 60 տոկոսը պետք է կազմի շենքեր-շինությունների կառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման ծախսերը։
Որոշման ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերը գնահատվում են շուրջ 17,5 մլրդ
դրամ՝ 5 ներդրումային ծրագրի հաշվով՝ 2023-2027 թվականներին՝ յուրաքանչյուր տարի շուրջ 3,5 մլրդ դրամ։
Արդյունքում՝ Էկոնոմիկայի նախարարության գնահատականներով, մասնավորապես, թռչնաբուծության ուղղությամբ 8,0 մլրդ դրամ ներդրման դեպքում կարտադրվի տարեկան միջինը շուրջ 6000 տոննա թռչնի միս՝ շուրջ 8,6 մլրդ դրամի համախառն արտադրանք, որի արդյունքում ինքնաբավության մակարդակը կբարձրանա շուրջ 6 %-ով: Բացի այդ, ակնկալվում է, որ յուրաքանչյուր ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում շուրջ 3 տարվա ընթացքում հարկերի տեսքով պետական բյուջե կվերադարձվեն պետության կողմից ներդրված գումարները։