
Արմինֆո.Ռուսական S7 ավիաընկերության ինքնաթիռի հանդեպ կալանք չի կիրառվել: Այդ մասին ասվում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հաղորդագրությունում:
«Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք ձեզ, որ 03.03.2022 թվականին ռուսական Սիբիր ավիաընկերության (Siberia Airlines) կողմից շահագործվող А320 տիպի ինքնաթիռի՝ Երևանի «Զվարթնոց» օդանավակայան ժամանելուց ժամեր առաջ, երբ այն դեռևս գտնվում էր ՌԴ օդային տարածքում, ի հայտ են եկել տվյալ ինքնաթիռի թռիչքային պիտանիության ապահովման հետ կապված փաստաթղթային խնդիրներ։
Ավիաընկերության որոշմամբ ինքնաթիռը վայրէջք է կատարել ՌԴ Միներալնիե Վոդի քաղաքի օդանավակայանում, որից հետո միայն ժամանել է Երևանի «Զվարթնոց» օդանավակայան:
Վերը նշված հանգամանքով պայմանավորված՝ ինքնաթիռի նախատեսված թռիչքը Երևանից անհնարին է դարձել: Առաջացած խնդիրները կապված են եղել ավիաընկերության և օդանավի գրանցման երկրի ավիացիոն իշխանությունների, ինչպես նաև նշված օդանավի վարձատուի միջև:
Հարկ ենք համարում նշել, որ ինքնաթիռի հանդեպ կալանք չի կիրառվել, այլ ժամանակավորապես դադարեցվել է նշված ինքնաթիռի թռիչքի թույլտվությունը:
Նշենք նաև, որ Երևանից նախատեսված թռիչքը իրականացվել է ավիաընկերության մեկ այլ օդանավով:
ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ծագած խնդիրների առնչությամբ ճշգրտող նամակագրություն է իրականացնում ինքնաթիռի գրանցման երկրի ավիացիոն իշխանությունների հետ: Խնդրի վերաբերյալ տեղեկացվել են նաև շահագործող ավիաընկերությունը և Ռուսաստանի Դաշնության ավիացիոն իշխանությունները։ Փաստաթղթային հարցերի պարզաբանումից հետո ինքնաթիռի շահագործումը կվերականգնվի», - ընդգծվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ ռուսական ավիացիայի նկատմամբ խիստ պատժամիջոցներ են սահմանվել Եվրամիության կողմից, որը հրաժարվել է Ռուսաստան մատակարարել Airbus օդանավեր եւ դրանց պահեստամասեր: Ավելին, եվրոպացիները պահանջել են խզել լիզինգի բոլոր պայմանագրերը և վերադարձնել, նույնիսկ, այն ինքնաթիռները, որոնք արդեն մատակարարվել են ռուսական ավիաընկերություններին։