Երկուշաբթի, 7 Մարտի 2022 13:50
Նաիրա Բադալյան

Ինչու՞  եք կենտրոնացել ցորենի վրա. Կան այլ, գուցե, ավելի կարեւոր ռիսկեր. ՔՊ պատգամավոր  

Ինչու՞  եք կենտրոնացել ցորենի վրա. Կան այլ, գուցե, ավելի կարեւոր ռիսկեր. ՔՊ պատգամավոր   

Արմինֆո.Կառավարող խմբակցության պատգամավորները հրաժարվել են մեկնաբանել, թե արդյոք կան ռուս-ուկրաինական ճգնաժամի հետ, մասնավորապես, ցորենի մատակարարման խախտումների առնչությամբ Հայաստանի համար հնարավոր հետեւանքների հետ կապված ռիսկեր:

 

Մարտի 7-ին խորհրդարանում կայացած ճեպազրույցի ժամանակ լրագրողը հետաքրքրվել է, թե ինչպես է Հայաստանը չեզոքացնելու դրա հետ կապված ռիսկերը, քանի որ հանրապետությունը ցորեն է ներմուծում, հիմնականում, Ռուսաստանից եւ Ուկրաինայից:

 

"Ցորենի պաշարների մասին տեղեկատվությունը գաղտնի է եւ հրապարակման ենթակա չէ", - ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը: "Եթե խոսքը գնում է ռիսկերի մասին, որոնք կարող են ծագել ռուս-ուկրաինական ճգնաժամից, այդ թվում՝ Հայաստանին վերաբերող, ցորենը ռիսկերից մեկն է։ Հետևաբար, ես չեմ կարող հասկանալ, թե ինչու է լրագրողական հանրությունը կամ դրա մի մասը կենտրոնացել դրա վրա, որովհետև կան այլ խնդիրներ, գուցե, ավելի կարևոր, ավելի ռիսկային, քան ցորենը", - նշել է նա։

 

"Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն, իր հերթին, նշել է, որ ժամանակակից աշխարհում ռիսկերը ամենուր են: "Վստահ եմ, որ Էկոնոմիկայի նախարարությունն ամեն ինչ անում է, որպեսզի ռիսկերը կառավարելի լինեն: Բայց մենք չենք կարող բացառել, որ աշխարհում ինչ-որ պահի ինչ-որ բանի ճգնաժամ կարող է առաջանալ", - նշել է նա։

 

Նշենք, որ օրերս խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորի նույն հարցին այդպես էլ չէր պատասխանել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կենտրոնանալով այն բանի վրա, որ խորհրդարանականն իր հարցում հերթական անգամ գործող իշխանություններին մեղադրել էր Արցախի տարածքների 75%-ի հանձնման համար, որտեղ մնացել են նաև ցորենի պահուստները"։

 

Մինչդեռ, Ռուսաստանը եւ Ուկրաինան ցորենի խոշոր արտադրողներ են. նրանց, ընդհանուր առմամբ, բաժին է ընկնում համաշխարհային արտահանման մոտ 30 տոկոսը: Ինչպես հայտարարում են փորձագետները, Սեւ ծովում նավահանգիստների փակումը, ի թիվս այլ հետեւանքների, կհանգեցնի այն բանին, որ Ուկրաինայից ծովով ցորենի մատակարարումն անհնար կլինի անորոշ ժամանակահատվածում: Արդեն մարտի սկզբին ցորենի գինը հասել է վերջին 14 տարվա ռեկորդային ցուցանիշի (2008թ. մարտից)՝ 10,59 դոլար բուշելի դիմաց։ Ինչպես հաղորդել է «Կոմերսանտը», վկայակոչելով Commerzbank-ի վերլուծաբան Կարստեն Ֆրիչին, նավագնացության ընկերություններն այլեւս չեն ընդունում Ռուսաստանից կամ Ռուսաստան առաքելու պատվերներ: "Եվ, ամեն դեպքում, հիմա գրեթե ոչ մի գնորդ չի ցանկանա ռուսական ցորեն պատվիրել։ Դա նշանակում է, որ ցորենի համաշխարհային արտահանման մինչեւ 30 տոկոսը կտրված է շուկայից՝ ավելի կամ պակաս չափով", - պարզաբանել է վերլուծաբանը։