Ուրբաթ, 11 Մարտի 2022 11:17
Նաիրա Բադալյան

Ռուսաստանը ԵԱՏՄ երկրներ հացահատիկի եւ շաքարի արտահանման ժամանակավոր արգելք կսահմանի

Ռուսաստանը ԵԱՏՄ երկրներ հացահատիկի եւ շաքարի արտահանման ժամանակավոր արգելք կսահմանի

Արմինֆո. Ռուսաստանի կառավարության տնտեսական զարգացման և ինտեգրման հարցերի հանձնաժողովի մաքսային-սակագնային և ոչ սակագնային կարգավորման, արտաքին առևտրում պաշտպանական միջոցառումների ենթահանձնաժողովը որոշում է կայացրել ժամանակավորապես արգելել հացահատիկային մշակաբույսերի արտահանումը ԵԱՏՄ երկրներ:

Ըստ ՏԱՍՍ-ի՝ այդ մասին հաղորդել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարության մամուլի ծառայությունը։ Բացի այդ, ենթահանձնաժողովը հավանություն է տվել ՌԴ-ից երրորդ երկրներ շաքարի եւ եղեգնաշաքարի հումքի արտահանման ժամանակավոր արգելքի մասին որոշմանը: Երկու միջոցների գործողությունը նախատեսված է մինչեւ ընթացիկ տարվա օգոստոսի 31-ը ընկած ժամանակահատվածի համար:

"Որոշումներն ուղղված են երկրի պարենային անվտանգության ապահովմանը եւ կօգնեն պաշտպանել ներքին շուկան ընթացիկ պայմաններում։ Միեւնույն ժամանակ, պահպանվում են ԵԱՏՄ երկրների հետ համագործակցության հնարավորությունները", - մամուլի ծառայությունը մեջբերում է նախարարության ներկայացուցչի խոսքը։

 

Հացահատիկի սահմանափակումները, ՌԴ տնտեսական զարգացման նախարարության տվյալներով, կանդրադառնան ցորենի, տարեկանի, գարու եւ եգիպտացորենի վրա: Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ ներկայում Ռուսաստանում հացահատիկով ապահովվածությունը գերազանցում է 150 տոկոսը։ "Միևնույն ժամանակ, արտահանման ժամանակավոր արգելքը թույլ կտա կանխել գյուղատնտեսական արտադրանքի հոսքերը, հաշվի առնելով, որ ԵԱՏՄ երկրներն ընթացիկ սեզոնում արդեն իրականացրել են իրենց անհրաժեշտ գնումների ծավալներն՝ անմաքս ռեժիմով", - ասված է հաղորդագրության մեջ: ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունում ընդգծել են, որ ենթահանձնաժողովի կայացրած որոշումը համաձայնեցված է առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելաուսովի հետ:

 

Իսկ շաքարի արտահանումը կարգելվի այն վերապահումով, որ ԵԱՏՄ երկրներ մատակարարումները հնարավոր կլինեն Գյուղատնտեսության նախարարության կողմից տրվող թույլտվությունների հիման վրա:

 

Բացի այդ, մաքսային ենթահանձնաժողովի նիստի ընթացքում որոշում է կայացվել մի շարք ապրանքների, այդ թվում ՝ կարտոֆիլի, սոխի, սխտորի, կաղամբի, գազարի, կակաոյի և մրգային խյուսերի համար մաքսատուրքերի ժամանակավոր զրոյացման վերաբերյալ ԵՏՀ-ի հարթակում առաջարկություններ պատրաստելու մասին, նշվում է մամուլի հաղորդագրությունում: Այդ ցանկում նաեւ որոշվել է ավելացնել երեխաների համար նախատեսված մի շարք ապրանքներ, մասնավորապես, պատրաստի սննդամթերք, որոնք նախատեսված են վաղ տարիքի երեխաների համար եւ հիմք են հանդիսանում կրծքի կաթի փոխարինիչների արտադրության համար: Պատրաստի առաջարկները ԵՏՀ նիստին կներկայացվեն մարտի 17-ին:

 

Ռուսաստանի գյուղնախարարությունում ընդգծել են, որ այսօր Ռուսաստանն ամբողջ ծավալով փակում է հիմնական սննդամթերքի իր պահանջները: Դրա հետ մեկտեղ ՌԴ-ին անհրաժեշտ է զերծ մնալ գլոբալ շուկայում անկայունության պայմաններում բացասական գործոնների ազդեցությունից, որը գերազանցում է պահանջարկի աճը եւ պարենի համաշխարհային գների աճը, հաղորդել են նախարարության մամուլի ծառայությունում: "Հարկ է նշել, որ ռուսական հացահատիկի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության երկրների պահանջմունքն ապահովված է 2021/2022 սեզոնի սկզբից՝ ավելի քան կրկնակի չափով։ Համալիր մշակվող եւ կառավարության կողմից արդեն իրականացվող միջոցառումները կապահովեն ներքին շուկայի ճկուն կարգավորումը, կբացառեն դեֆիցիտի եւ հումքի ու սոցիալապես կարեւոր արտադրանքի արժեքի թռիչքաձեւ բարձրացման հնարավորությունը", - նշել են Ռուսաստանի գյուղնախարարությունում: