Արմինֆո. Էներգառեսուրսների միջազգային շուկաներում դիտվող և Ուկրաինայում պատերազմով պայմանավորված իրավիճակը չի ազդի Հայաստան մատակարարվող ռուսական գազի գնագոյացման վրա։ Գազը չի թանկանա, առաջին հերթին, այն պատճառով, որ Հայաստանն այն ձեռք է բերվում պայմանագրային, այլ ոչ թե սփոթային հիմունքով։
Մինչդեռ, այժմ ռիսկի գոտում են հայտնվել հենց սփոթային շուկաները: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել "էներգետիկ անվտանգության ինստիտուտի" տնօրեն Վահե Դավթյանը։
"Մենք տեսնում ենք, որ գազը թանկանում է ողջ աշխարհում։ Եվ այդ գործընթացը սկսվել է դեռ մինչև Ուկրաինայի ներկայիս հակամարտությունը և անդրադարձել մեր շուկայի, ԱՄՆ-ի և, իհարկե, Եվրոպայի շուկայի վրա։ Եվ հիմա այդ աճին ավելացել են քաղաքական գործընթացներն ու տեղեկատվական հոսքերը։ Հենց այս ամենը միասին նպաստում է "կապույտ վառելիքի" արժեքի բարձրացմանը: Այս լույսի ներքո կարևոր է հասկանալ, որ գազը հենց նույն Եվրոպայում թանկացել է ոչ թե մատակարարի՝ ՌԴ-ի որոշմամբ, այլ շուկայական կոնյունկտուրայի թելադրանքով։ Բորսայական ֆյուչերսների արժեքն աճում է շուկայի, ընդհանուր, շոկային վիճակի հետեւանքով, որը պայմանավորված է պատերազմով եւ պատժամիջոցներով", - նկատել է նա։
Նշելով, որ եվրոպական երկրներն, անշուշտ, փորձում են այլընտրանք գտնել ռուսական գազի նկատմամբ, փորձագետը նշել է, որ դա այնքան էլ հեշտ չէ անել, ինչպես թվում է առաջին հայացքից: Ռուսական գազի առաջնային այլընտրանքը սեփական հանքավայրերի զարգացումն է, սակայն նույն գազային հանքավայրեր ունեցող Նիդերլանդներն արդեն դեմ են արտահայտվել գազի արդյունահանման ծավալների ավելացմանը ՝ դա պայմանավորելով ուղեկցող սեյսմիկ և բնապահպանական ռիսկերով։ Այդուհանդերձ, ներկա իրավիճակում Դավթյանը նախադրյալներ է տեսնում վերջին տասնամյակների սեփական էկոլոգիական քաղաքականությունից Եվրոպայի հրաժարվելու օգտին։
Ընթացիկ քաղաքական գործընթացների զարգացման դեպքում փորձագետը կանխատեսում է էներգակիրների գների ավելի մեծ աճ։ Իսկ, հաշվի առնելով նավթի գների հետ գազի միջազգային գների հարաբերակցությունը՝ Էներգետիկայի միջազգային գործակալության փորձագետներն արդեն կանխատեսում են նավթի գների աճ մինչեւ տարեվերջ՝ մեկ բարելի դիմաց մինչեւ 190 դոլար: Վերջին կանխատեսման իրականացումը, ըտ Դավթյանի, անկասկած, կանդրադառնա նաև գազի գների վրա։ Հասկանալի է՝ Ուկրաինայում պատերազմի և, դրան զուգընթաց, Արևմուտքի ու Ռուսաստանի միջև պատժամիջոցային պատերազմի շարունակման դեպքում։
Մեկնաբանելով, այս ֆոնին, Հայաստանում նավթամթերքի էլ ավելի թանկացման հնարավորությունը՝ փորձագետն ուշադրություն է հրավիրել ռուսական շուկայի ներսում բենզինի եւ դիզվառելիքի գների շարունակվող անկման վրա։ Վերջինն, ըստ նրա, պայմանավորված է ՌԴ արտահանման հնարավորությունների նվազեցմամբ, մասնավորապես, դիզվառելիքի, ընդհանուր առմամբ։ Միջազգային պատժամիջոցների, այդ թվում ՝ նախօրեին ԱՄՆ նախագահ Բայդենի կողմից հննչեցված ԱՄՆ ռուսական նավթի մատակարարման էմբարգոյի պատճառով։ Դրա հետեւանքով ռուսական շուկայում ձեւավորված ավելցուկները հանգեցնում են նավթամթերքի գնի իջեցման։
"Իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՌԴ-ին բաժին է ընկնում Հայաստան ներմուծվող նույն դիզվառելիքի մոտ 90 տոկոսը, ես բնավ չեմ բացառում, որ գների իջեցման օբյեկտիվ միտումներ կարող են ի հայտ գալ նաև մեզ մոտ։ Ի դեպ՝ միայն տեսականորեն, քանզի դեռեւս կարտելային համաձայնության սկզբունքով աշխատող նավթամթերքի հայկական շուկան միանգամայն անկանխատեսելի է։ Եվ հաճախ ցուցադրում է միանգամայն անտրամաբանական և միջազգային իրողություններին չհամապատասխանող միտումներ։ Այս լույսի ներքո՝ ես բոլորովին չեմ բացառում, որ մեր նավթի առեւտրականները կարող են, նույնիսկ, ավելի բարձրացնել նավթի գները, օգտվելով անորոշությունից եւ միջազգային շուկաներում գների բարձրացումից, այն պատրվակով, թե՝ աշխարհում գները բարձրանում են", - ամփոփել է փորձագետը: