Երկուշաբթի, 14 Մարտի 2022 17:01
Ալինա Հովհաննիսյան

Փորձագետ. Հայկական դիվանագիտությունը պետք է աջակցի արտահանման շուկաների դիվերսիֆիկացման աշխատանքին  

Փորձագետ. Հայկական դիվանագիտությունը պետք է աջակցի արտահանման շուկաների դիվերսիֆիկացման աշխատանքին   

Արմինֆո. Այսօր, ՌԴ նկատմամբ պատժամիջոցների պայմաններում, հայ արտահանողները պետության օգնությամբ եւ իրենց մշակումների հիման վրա պետք է լրջորեն զբաղվեն իրացման նոր շուկաների որոնմամբ՝ մատակարարումների դիվերսիֆիկացման նպատակով։

Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է փորձագետ, "Արտահանում Հայաստան" պլատֆորմի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը։ Այդ առնչությամբ նա վկայակոչել է 13-ամյա վաղեմության վրացական օրինակը, երբ պետությունը Չինաստանի հետ ազատ առեւտրի շուրջ համաձայնագիր էր կնքել՝ այն ժամանակ ռուսական շուկա վրացական արտահանման արգելքի պայմաններում։

 

"Այո, հուզական ֆոնն այլ էր։ Բայց այսօր Վրաստանն իր ապրանքները Չինաստան է արտահանում ավելի շահավետ պայմաններով, քան Հայաստանը։ Օրինակ, այսօր չինական շուկայում վրացական գինու ծավալները 10 անգամ գերազանցում են հայկական գինիների մատակարարումները։ Բանն այն է, որ Վրաստանը Չինաստանից լուրջ արտոնություններ է ստացել իր ապրանքների համար՝ ցածր հարկերի, մաքսատուրքերի տեսքով և այլն", - նշել է նա։

 

Ստեղծված պայմաններում Ստեփանյանը մատնանշել է Հայաստանի ԱԳՆ-ի անբավարար աշխատանքը առեւտրատնտեսական կապերի ոլորտում, համենայն դեպս, ԱԳՆ-ը ոչ մի ձեւաչափով չի մասնակցում արտահանմանն աջակցությանը: Փորձագետը շատ ցածր է գնահատել մի շարք երկրներում Հայաստանի առևտրային կցորդների աշխատանքի մակարդակը։ "Հայկական դիվանագիտությունը պետք է մեր արտահանողների համար նոր շուկաներ բացի, հասնի որոշակի արտոնությունների մեր արտադրանքի համար մաքսային արգելքների նվազեցման, անհրաժեշտ թույլտվությունների ստացման, լիցենզավորման ընթացակարգերի պարզեցման ոլորտում", - ասել է փորձագետը, նշելով, որ այդ ամենից ոչինչ չի արվում: Վկայակոչելով Հայկական սոցիալ-տնտեսական հետազոտությունների կենտրոնի՝ ACSES-ի հետազոտությունը՝ նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ռուսական շուկա հայկական արտահանման ընդհանուր ծավալի 60,7%-ն իրականացվել է ռուսական ռուբլով, ինչը կազմում է շուրջ 480 մլն դոլար: "Եթե համեմատենք, թե այդ գումարը որքան է կազմել այս տարվա հունվարին, և որքան է հիմա, ապա կտեսնենք, թե ինչ սարսափելի թիվ է այդ ամենը դարձել, և որքան են կորցրել մեր արտահանողները ռուսական ռուբլու կտրուկ արժեզրկման պատճառով", - ասել է նա: Այս իրավիճակում ամենամտահոգիչը, ըստ փորձագետի, նաեւ այն է, որ ՀՀ-ից ՌԴ արտահանման մատակարարումների 70%-ը ներկայացված է պատրաստի արտադրանքով։

 

Ստեփանյանի կարծիքով, այն կորուստները, որոնք այժմ կրում է հայկական արտահանող արտադրողը, լավ դաս կլինեն ինչպես պետության, այնպես էլ հենց արտահանողների համար։ Ստեփանյանը մատնանշել է պետության մոտիվացնող ծրագրերի բացակայությունը։ Իսկ արտադրողները, որոնք դեպի Ռուսաստան արտահանման կայուն աճ և այդ շուկայում ճանաչելի արտադրանք ունեն, չեն ցանկանում զբաղվել այլ շուկաներով։ "Արտահանման շուկաների դիվերսիֆիկացման համար անհրաժեշտ է կիրառել մոտիվացիոն պետական գործիքներ, օրինակ, նոր դժվար շուկաների հետ աշխատելիս լրացուցիչ հարկային արտոնությունների տրամադրման տեսքով", - նշել է Ստեփանյանը: Այս առնչությամբ փորձագետն ընդգծել է, որ սպասվելիք վնասների պատասխանատվությունն ավելի մեծ չափով ընկնում է հենց պետության ուսերին:

 

Փորձագետի խոսքով՝ ռուսական արժույթի կտրուկ արժեզրկման պատճառով ՌԴ ներկրվող ողջ արտադրանքը ցածր մրցունակ է դարձել, ինչը կհանգեցնի վաճառքի ծավալների զգալի նվազման: Այդ պատճառով շատ հայ արտադրող-մատակարարներ դադար  են վերցրել, հույս ունենալով, որ ամեն ինչ շուտով կկարգավորվի։ Խնդիրն այն է, որ ռուսական շուկան այժմ չի կարող դոլարով վճարել, իսկ հայկական արտահանումը չի ցանկանում իր արտադրանքն իրացնել ռուբլով։

 

Հիշեցնենք, որ Ռուսաստանն ավանդաբար առաջատար է փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալով։ Մասնավորապես, 2021 թվականի արդյունքներով, Ռուսաստանի մասնաբաժինը Հայաստանի արտաքին և փոխադարձ առևտրաշրջանառության ընդհանուր կառուցվածքում կազմել է 32,7% (նախորդ տարվա 31,9% - ի փոխարեն)։ Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների, 2021 թվականին ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ փոխադարձ առեւտրի ծավալն աճել է 20,9 տոկոսով' կազմելով 2.6 մլրդ դոլար: Ընդ որում, արտահանումն աճել է 24,5 տոկոսով' մինչեւ 847.2 մլն դոլար' ներմուծման ծավալների 19,2 տոկոսով, մինչեւ 1.8 մլրդ դոլար աճի ֆոնին: