Երեքշաբթի, 15 Մարտի 2022 16:47
Նաիրա Բադալյան

Հայաստանի փոխվարչապետն ու ԱԶԲ գործադիր տնօրենը կարեւորել են բանկի մասնակցությունը Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցման նախագծին

Հայաստանի փոխվարչապետն ու ԱԶԲ գործադիր տնօրենը կարեւորել են բանկի մասնակցությունը Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցման նախագծին

Արմինֆո.Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) գործադիր տնօրեն Արիֆ Բահարուդինին: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ԱԶԲ հետ ձևավորված համապարփակ համագործակցության մակարդակը և շնորհակալություն հայտնել կորոնավիրուսի համավարակի հաղթահարման ընթացքում ՀՀ կառավարության ջանքերին սատարելու համար:

 

Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, փոխվարչապետը կարևորել է ԱԶԲ հետ համագործակցությունը նաև մասնավոր հատվածի համար՝ մասնավորապես ճիշտ բիզնես մշակույթի ձևավորման և բիզնեսների թափանցիկության բարձրացման տեսանկյունից: Շեշտելով, որ ԱԶԲ-ը զգալի ներգրավվածություն ունի Հայաստանում մի շարք ուղղություններով իրականացվող բարեփոխումների գործընթացում և Հայաստանի համար կարևորագույն ծրագրերում՝ փոխվարչապետը ներկայացրել է Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների բովանդակությունն ու հիմնական ուղղությունները: Անդրադարձ է կատարվել մարդկային կապիտալի զարգացման, ենթակառուցվածքների և տնտեսության ոլորտներում նախատեսված բարեփոխումներին և այդ շրջանակներում ԱԶԲ հետ հնարավոր համագործակցության զարգացմանը:

 

Զրուցակիցները երկուստեք կարևորել են ԱԶԲ ներգրավվածությունը Հյուսիս-Հարավ ճանապարհային մայրուղու կառուցման ծրագրում: Քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավոր ուղղությունները: 

 

Հիշեցնենք, որ "Հյուսիս-Հարավ" նախագիծը թույլ կտա Իրանի հետ սահմանից մինչեւ Վրաստանի հետ սահման հեռավորությունը 556 կմ-ից կրճատել մինչեւ 490 կմ: Ճանապարհն էապես կհեշտացնի ելքը դեպի Սեւ ծով՝  ոչ միայն Հայաստանի, այլեւ Իրանի համար։ Նախագիծը ելք կապահովի դեպի Սեւ ծով եւ դեպի եվրոպական երկրներ Հայաստանի (Մեղրի-Կապան - Գորիս-Երեւան - Աշտարակ-Գյումրի - Բավրա) եւ Վրաստանի տարածքով: Միջանցքի շինարարությունն ի սկզբանե նախատեսվում էր ավարտել 2019 թվականին։ Ծրագրի արժեքը մշտապես վերանայվել է բարձրացման ուղղությամբ։ Մինչդեռ 2012 - ի սեպտեմբերին, երբ սկսվեց ավտոմայրուղու շինարարությունը, գումարը, որը նշում էին Հայաստանի կառավարության ներկայացուցիչները, մի քանի անգամ պակաս էր' 962 մլն դոլար: Ասիական զարգացման բանկը 2009 թվին արդեն տրամադրել է ավելի քան կես միլիարդ ԱՄՆ դոլար ավտոմայրուղու կառուցման համար:

 

Ասիական զարգացման բանկը  Հայաստանի հետ աշխատում է 2005 թվականից: 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ բանկը Հայաստանին տրամադրել է 1.46 մլրդ դոլարի 31 վարկ, ներառյալ 11 վարկ մասնավոր հատվածի համար: Այս ընթացքում ԱԶԲ-ը պետությանը տրամադրել է 14.9 մլն դոլար ընդհանուր գումարի տեխնիկական աջակցության դրամաշնորհներ: