Չորեքշաբթի, 16 Մարտի 2022 12:47
Նաիրա Բադալյան

Կառավարությունն առաջարկում է մինչև 1 մլն դրամ գումարի ապրանքի արտահանումն ազատել մաքսատուրքի վճարումից

Կառավարությունն առաջարկում է մինչև 1 մլն դրամ գումարի ապրանքի արտահանումն ազատել մաքսատուրքի վճարումից

Արմինֆո. ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վահե Հակոբյանի նախագահությամբ մարտի 16-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվող փոփոխությունն ուղղված է մաքսային ձեւակերպումների գործընթացի պարզեցմանը եւ դյուրինացմանը, ինչպես նաեւ դրա համար պահանջվող ծախսերի կրճատմանը:

 

ԱԺ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ օրինագծով նախատեսվում է հնարավորություն ընձեռել տնտեսվարող սուբյեկտներին` չվճարել մեկ փոխադրողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով ՀՀ-ից արտահանվող, ընդհանուր մաքսային արժեքը 1 մլն ՀՀ դրամ եվրոյին համարժեք գումարը չգերազանցող գումարի չափով ապրանքների համար գանձվող մաքսավճարները:

 

Նշվել է նաեւ, որ առաջարկվող փոփոխությունն ուղղված է մրցակցային միջավայրի բարելավմանը, մասնավորապես` վերոնշյալ իրավական կարգավորման շրջանակներում տնտեսվարողների` ցածր արժողություն ունեցող ապրանքների արտահանման դեպքում վերջիններս ազատվում են պետական տուրքի վճարման պարտականությունից, ինչն էլ կհանգեցնի նշված շուկաներում մատակարարների քանակի ավելացմանը: Նախագծի ընդունման եւ կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն` հաշվի առնելով այն հանգամանքը, որ կարգավորումները կնպաստեն մաքսային ձեւակերպումների գործընթացի պարզեցմանը, ինչպես նաեւ փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտների ֆինանսական եւ վարչարարական ծախսերի կրճատմանը:

Օրենսդրական նախաձեռնության ընդունմամբ պետական բյուջեի եկամուտները կնվազեն միջինում 106.35 մլն դրամի չափով: Հանձնաժողովականները քննարկման արդյուքում դրական եզրակացություն են տվել օրինագծին:

 

Ըստ վիճակագրական տվյալների՝ 2021 թվականին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2020թ. 13,2% անկումից հասել է  17,7% աճի՝ 2021թվականին: Դրա կառուցվածքում արտահանման ծավալը 3,9% անկումից հասել է  19,1% աճի, և նույն դինամիկայի շրջադարձը ցույց է տվել ներմուծումը ՝ 17,7% անկումից մինչեւ 16,9% աճ։ Նախաքովիդյան 2019 թվականին այդ ցուցանիշների վերընթաց դինամիկան ավելի համեստ էր. արտաքին առևտրաշրջանառության 10,4% աճը բխում էր արտահանման 9,4% և ներմուծման 10,8% աճից։