Չորեքշաբթի, 16 Մարտի 2022 16:33
Ալինա Հովհաննիսյան

ՏԿԵ նախարարությունը նախատեսում է սկսել Իջևան-Բերդ այլընտրանքային ճանապարհի շինարարությունը  

ՏԿԵ նախարարությունը նախատեսում է սկսել Իջևան-Բերդ այլընտրանքային ճանապարհի շինարարությունը   

Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն ընթացիկ տարում նախատեսում է սկսել Իջևան-Բերդ այլընտրանքային ճանապարհի շինարարությունը Գանձաքարի ուղղությամբ: Այդ մասին "Շանթ" հեռուստաընկերությամբ հեռարձակված հարցազրույցում հայտարարել է  տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

 

Նա պարզաբանել է, որ խոսքը բավականին խոշոր նախագծի մասին է, որն ընդգրկում է 35 կմ երկարությամբ տեղամաս: Սանոսյանի հավաստմամբ, մրցույթն արդեն կայացել է: "Սահմանամերձ հատվածներում մենք լուրջ ուսումնասիրություններ ենք կատարում տրանսպորտային ցանցի և բնակավայրերի խտությունն այլընտրանքային ճանապարհներով ապահովելու համար", - ասել է նախարարը:

 

Խոսելով Սյունիքի մասին՝ նա նշել է, որ հայտնի պատճառներով այդ տարածաշրջանում բավականին մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվել։ Այս առնչությամբ գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ բացի Սյունիքում այլընտրանքային ճանապարհների կառուցման նախագծերից, քննարկվում են ևս մի քանի նոր ծրագրեր:

 

Նախարարը տեղեկացրել է, որ մինչեւ մայիս, հերթի կարգով, ասֆալտապատման համար նախապատրաստվելու են նոր ճանապարհներ, որոնց ուղղությամբ ինտենսիվ աշխատանքներ են տարվել աշնան և ձմռան ընթացքում: Ընդ որում, Սանսոյանն այդ առումով առաջնային է համարել Կապան - Ճակատեն 7-8 կմ երկարությամբ տրանսպորտային հատվածը, որի գրունտային շերտն արդեն պատրաստ է երթեւեկելու համար: "Աշխատանքներ ենք տանում, որպեսզի այդ ճանապարհն առաջինը ասֆալտապատվի։ Բայց Սյունիքում բոլոր շինարարական ընկերությունների առջև խնդիր է դրված մեկ օր առաջ ավարտել աշխատանքները", - նշել է նա։

 

Հիշեցնենք, որ Հայաստանի ինքնիշխան տարածքում Ադրբեջանի զինված ուժերի (Երեւան-Կապան Մ2 միջպետական ճանապարհին' Որոտան գյուղի մոտ) հսկիչ անցագրային կետի տեղադրման կապակցությամբ Սյունիքի մարզում սկսվել է 7 այլընտրանքային ճանապարհների շինարարությունը: Մասնավորապես, ճանապարհներ են կառուցվում Շուռնուխ, Որոտան, Բարձրավան, Գեղանուշ, Ճակատեն համայնքներում ։