Հինգշաբթի, 17 Մարտի 2022 16:34
Ալինա Հովհաննիսյան

Փորձագետ. Այս փուլում Հայաստանում հացահատիկի դեֆիցիտին առնչվող ռիսկեր չկան

Փորձագետ. Այս փուլում Հայաստանում հացահատիկի դեֆիցիտին առնչվող ռիսկեր չկան

Արմինֆո.Այս փուլում Հայաստանում հացահատիկի դեֆիցիտն առնչվող ռիսկեր չկան։ Այդ մասին հայտարարել է պարենային անվտանգության եւ ագրովերամշակման զարգացման վարչության պետ Գեւորգ Ղազարյանը։

 

Համադրելով Ռուսաստանում տվյալ ապրանքային խմբի արտադրության եւ արտահանման ծավալները եւ Հայաստանի պահանջարկի մակարդակը, որը կազմում է բոլորովին փոքր մասնաբաժին, նա պարզաբանել է, որ որեւէ խնդիր չի կարող առաջանալ: Մասնավորապես, ըստ Ղազարյանի, ՌԴ-ում այս տարի արտադրվել է 76 մլն տոննա ցորեն, որից 23 մլն տոննան արտահանվել է, մինչդեռ Հայաստանի կողմից պահանջարկի ծավալը կազմում է ընդամենը 300 հազար տոննա:

 

Տարեսկզբից, ինչպես հաղորդել Է Ղազարյանը, Հայաստանը ներմուծել է 76 հազար տոննա ցորեն, 12 հազար գար եւ 22 հազար տոննա եգիպտացորեն: "Եթե համեմատում ենք սպառման տարեկան պահանջարկի հետ, և հաշվի առնելով կուտակված պաշարները, այս փուլում էական ռիսկեր չենք կանխատեսում", - հավելել է նա: Իսկ եթե ցորենի ներկրման արգելքը երկարաժամկետ լինի, ապա պարենային անվտանգության վարչության պետը մատնանշել է ալյուրի, եգիպտացորենի, գարու ներմուծման գծով սահմանափակումների բացակայությունը և այլն։

 

Ընդ որում, "Ամբերդ" հետազոտական կենտրոնի փորձագետ Սամվել Ավետիսյանի կանխատեսումներն այնքան էլ լավատեսական չէին։ Ռուս-ուկրաինական տեւական հակամարտության դեպքում, փորձագետի կարծիքով, կարող են կրճատվել ոչ միայն ՌԴ-ի արտահանման ծավալները, այլ նաև՝ արտադրությունը։ Այդ կապակցությամբ նա նշել է, որ արդեն ռուսական որոշ շրջաններում արտադրության նախկին տեմպերը չկան, մինչդեռ, Ուկրաինայում գարնանային գյուղատնտեսական աշխատանքները վտանգված են, ինչը, անկասկած, կանդրադառնա արտահանման ծավալների վրա:

 

Այդ դեպքում Ավետիսյանը կարևորել է մեր երկրի ինքնապահովման մակարդակի բարձրացումը։ Նա նշել է, որ այսօրվա դրությամբ Հայաստանում ցորենի ցանքատարածությունները կազմում են ընդամենը 56 հազար հեկտար: Պատճառը, ըստ փորձագետի, այն է, որ մեր երկրի տարածքի մեկ միավորից հացահատիկի արտադրությունից ստացված եկամուտը բարձր չէ, ուստի ֆերմերին ձեռնտու չէ զբաղվել այդ մշակաբույսերի աճեցմամբ: Ընդ որում, երկրում մշակվում է վարելահողերի ընդհանուր քանակի միայն 50 տոկոսը։ Այս առնչությամբ Ավետիսյանը ընդգծել է հենց այդ հատվածի պետական սուբսիդավորման ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը, ինչը թույլ կտա բարձրացնել ինքնապահովման մակարդակը եւ նվազեցնել այլ երկրներից կախվածության գործոնը:

 

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության կառավարությունը որոշում է կայացրել մինչեւ հունիսի 30-ը ժամանակավորապես արգելել հացահատիկային մշակաբույսերի արտահանումը ԵԱՏՄ երկրներ: Խոսքը ցորենի, տարեկանի, գարու եւ եգիպտացորենի մասին է։ Մինչդեռ, ինչպես հաղորդում է "Կոմերսանտ" թերթը, ռուսական հացահատիկի արտահանումը երրորդ պետություններ սահմանափակված է 11 մլն տոննա քվոտայով, այդ թվում՝ 8 մլն տոննա ցորեն: Հացահատիկ արտահանողների միության վարչության նախագահ Էդուարդ Զերնինը կարծում է, որ ռուսական մատակարարների վրա կառավարության նոր միջոցը ոչ մի կերպ չի անդրադառնա. ԵԱՏՄ երկրներն ինքնուրույն են գնել Ռուսաստանի շուկայում, հաճախ, գորշ սխեմաներով:

 

Նշենք, որ մաքսային տվյալների համաձայն, 2021թվի առաջին կիսամյակում Հայաստանը ցորենի ներմուծումը կրճատել է 22,1 տոկոսով ՝ մինչեւ 65 հազար տոննա՝ արժեքային արտահայտությամբ  15,2 տոկոսով նվազմամբ՝ մինչեւ 14,4 մլն դոլար: Որպես ցորենի հիմնական ներմուծող հանդես է գալիս ՌԴ-ն (96 տոկոս), մնացած մասը բաժին է ընկել Վրաստանին: Ներկրվող հացահատիկի ծավալները նվազել են  20,4 տոկոսով ՝ մինչեւ 1.6 հազար տոննա, մաքսային արժեքի 7,8 տոկոսով անկման դեպքում ՝ մինչեւ 1.2 մլն դոլար: Հայաստանը հացահատիկ է ներկրել գերազանցապես ՌԴ-ից (97,6 տոկոս), Արգենտինայից (1,6 տոկոս), իսկ մնացած մասը ստացվել է Գերմանիայից (0,6 տոկոս), Բելառուսից (0,2 տոկոս), Ֆրանսիայից եւ Միացյալ Թագավորությունից: