
Արմինֆո.Հայաստանի կոնոմիկայի նախարարությունը հնարավորություններ է տեսնում վերջերս կանգեցված Թեղուտի լեռնահանքային կոմբինատի հարցը լուծելու համար, որը պատկանում է արևմտյան պատժամիջոցների տակ հայտնված ՎՏԲ-ին: Այդ մասին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հաղորդել է CivilNet-ին հարցազրույցում։
Նախարարը մանրամասներ չի հայտնել, սակայն նշել է, որ վերջնական որոշումը կկայացվի ՎՏԲ-ի ղեկավարության հետ առարկայական քննարկումներից հետո, որը շուտով մտադիր է ժամանել Հայաստան:
Հարցին, թե արդյոք քննարկվում են ձեռնարկության՝ պետական վերահսկողության անցնելու կամ վաճառքի, թե նախորդ սեփականատիրոջը վերադարձի հնարավորությունները, Քեոբյանը նշել է, որ հիմնական խնդիրներից մեկն այն է, որ Թեղուտի գնորդը Շվեյցարական VTB Trading ընկերությունն է, որն այսօր պատժամիջոցների տակ է: "Այսինքն, այդ գործարքն այսօր այնքան էլ հնարավոր չէ", - ասել է նա:
Այդ առումով նախարարը նշել է, որ նախարարության խնդիրն այս փուլում ձեռնարկության որոշակի խնդիրների լուծումն է, որպեսզի վերջինս ավելի շուտ վերսկսի աշխատանքը, հնարավորություն ունենա իրացնել իր արտադրանքը, սպասարկել հաշիվները և այլն:
"Կարևորելով տնտեսության աճը՝ մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի հանքավայրը հնարավորինս քիչ պարապուրդի մատնվի և շարունակի նպաստել տնտեսության աճին՝ պղնձի բարձր գների պայմաններում", - ընդգծել Է նախարարը:
Նշենք, որ մեկ շաբաթ առաջ հայտարարվել էր Թեղուտի հանքում եւ ֆաբրիկայում աշխատանքների ժամանակավոր դադարեցման մասին, ըստ պաշտոնական վարկածի՝ վերանորոգման աշխատանքների առնչությամբ:
Հիշեցնենք, որ 2018 թվականի սեպտեմբերին "Թեղուտ" ՓԲԸ-ի բաժնետոմսերը "Վալլեքս" ընկերությունների խմբից անցել են ՎՏԲ բանկին՝ պարտքերի դիմաց:
Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրը Հայաստանի կառավարության կողմից հավանության է արժանացել 2007թ. նոյեմբերին: Թեղուտի հանքավայրը Հանրապետությունում երկրորդն է՝ Սյունիքի մարզի Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրից հետո։ Դեռևս 1972 թվականին այստեղ իրականացվել են երկրաբանահետախուզական լայնածավալ աշխատանքներ, որոնց արդյունքում հաստատվել են 450 մլն տոննա հանքաքարի պաշարներ՝ 1,6 մլն տոննա պղնձի և 99 հազար տոննա մոլիբդենի պարունակությամբ։ Բնապահպանական խնդիրների պատճառով նախագիծը 2018 թվականի փետրվարին դադարեցվել է։