Ուրբաթ, 18 Մարտի 2022 18:06
Ալինա Հովհաննիսյան

Արտահանումը խթանելու համար Հայաստանը մշակում է ԵԱՏՄ շրջանակներում ազգային արժույթով հաշվարկների իրականացման մեխանիզմ

Արտահանումը խթանելու համար Հայաստանը մշակում է ԵԱՏՄ շրջանակներում ազգային արժույթով հաշվարկների իրականացման մեխանիզմ

Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը չի համաձայնե Կենտրոնական բանկի գնահատականին, որը վերանայել է 2022 թվականի ՀՀ տնտեսության աճի կանխատեսումը՝ 5,3%-ից մինչեւ 1,6%: Որպես ՀՆԱ-ի աճի տեմպերի նվազման հիմնական պատճառ ՝ կարգավորիչը նշել է ՌԴ-ից արտահանման ծավալների, արդյունաբերության անկումն ու շինարարության ոլորտի կտրուկ դանդաղումը։

 

Այդ կապակցությամբ Քերոբյանը հիշեցրել է ԿԲ-ի եւ մի շարք միջազգային ֆինանսական կազմակերպությունների նախորդ տարվա կանխատեսումը Հայաստանի ՀՆԱ-ի 1,1 տոկոսի աճի վերաբերյալ, մինչդեռ, իրականում հաջողվել է ապահովել 5,7 տոկոս աճ: "Այո, երկնիշ աճի, որի մասին ես խոսել եմ, չի հաջողվել հասնել, բայց երկնիշ ցուցանիշին նպատակաուղղվածությունը մեզ օգնել է չիջնել մինչեւ 1,1%", - նկատել է էկոնոմիկայի նախարարը:

 

Ընդ որում, նա նշել է, որ գրագետ արտահանման քաղաքականության դեպքում Հայաստանը կկարողանա զգալիորեն ընդլայնել արտահանումը, հաշվի առնելով, որ ռուսական շուկայում վակուում է առաջացել մեծ թվով արեւմտյան ընկերությունների դուրս գալու կապակցությամբ: "Եվ այս իմաստով մենք ունենք ընդլայնման զգալի հնարավորություն, այլ ոչ թե՝ հակառակը։ Եվ պետությունը պատրաստ է օգնել մեր արտահանողներին, որպեսզի նրանք ավելացնեն Ռուսաստան մատակարարումների ծավալները", - ասել է նախարարը։ Անդրադառնալով արտահանողներից ստացված տեղեկատվությանը՝ Քերոբյանը տեղեկացրել է նաև Ռուսաստանից պատվերների կտրուկ ավելացման մասին։ Սակայն նա ընդգծել է, որ մտահոգություն են հարուցում ոչ թե արտահանման ծավալները, այլ արտահանողների եկամուտները՝ ռուբլու էական արժեզրկման պայմաններում։ Եկամուտների գոնե նվազագույն մակարդակ ապահովելու համար, ըստ նախարարի, այսօր դիտարկվում են արտահանողներին աջակցության մի քանի գործիքներ։ "Իրավիճակն այնպիսին է, որ հիմա հնարավոր չէ դոլարով առևտուր անել, իսկ ռուբլով հաշվարկները մեծ ռիսկեր են պարունակում մեր արտահանողների համար", - նշել է նա:

 

Այս պահին նախարարությունը ռուսական կողմին առաջարկում է ազգային արժույթով հաշվարկներ իրականացնել։ Բացելով փակագծերը' Քերոբյանը տեղեկացրել է, որ այսօր Եվրասիական հանձնաժողովում քննարկվում է սվոփ-գործարքների իրականացման հնարավորությունը, ինչի արդյունքում հայկական կողմը կստանա ռուբլի' ներմուծման ժամանակ հաշվարկելու համար, իսկ ռուսական բանկերը կկարողանան իրենց հաճախորդներին առաջարկել դրամ՝ շուկայական փոխարժեքով: Այդ հարցերը, նրա խոսքով, ամենօրյա ռեժիմով քննարկվում են ռուս գործընկերների հետ։ Ավելին, ԵԱՏՄ խորհրդի նիստում, ինչպես հաղորդել է նախարարը, կքննարկվի գործողությունների ծրագիր, որի առաջին կետը երկրների միջեւ ազգային արժույթներով առեւտրի խթանումն է: Քերոբյանն ընդգծել է, որ վերոնշյալի կապակցությամբ ընթացիկ տարում ակնկալում է տնտեսության առնվազն նույնքան աճ, որքան նախորդ 2021 թվին: Նշենք, որ ս.թ. մարտի 15-ին Հայաստանի Կենտրոնական բանկը թարմացրել է 2022 թ. ՀՆԱ-ի աճի իր կանխատեսումը ՝ նախկին 5,3%-ից իջեցնելով մինչեւ 1,6%: Իսկ նույն օրը կարգավորիչը ավելի զգալիորեն, քան նախկինում, բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.25 տոկոսային կետով' մինչեւ 9.25%: ԿԲ-ն իր որոշումը պայմանավորել է համատարած անորոշությամբ՝ աննախադեպ հակառուսաստանյան պատժամիջոցների ֆոնին։

 

ԱՄՀ-ի նախնական գնահատմամբ ՝ Հայաստանի տնտեսությունը 2022 թվականին կարող է աճել գրեթե 1,5 տոկոսով, այսինքն, տեմպերը շատ ավելի դանդաղ կլինեն, քան նախկինում սպասվում էր (5,3 տոկոս)։

 

2022 թվականի ՀՀ պետական բյուջեում ամրագրվել է ՀՆԱ-ի 7 տոկոս աճ։ Եվ դա՝ 2020թ. ՀՆԱ-ի 7,4 տոկոս փաստացի անկումից և 2019թ. ՀՆԱ-ի 7,6 տոկոս նախաքովիդյան աճից հետո: