
Արմինֆո.Երբ խոսքը վերաբերում է հարկերին, ֆիզիկական անձանց համար արտոնությունների մասին խոսակցություններն անտեղի են։ Մոտավորապես այսպես կարելի է բնութագրել Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) որոշումը, որի շրջանակներում ՀՀ-ում, ի տարբերություն ԵԱՏՄ անդամ մյուս երկրների, 2022 թվականի մարտի 31-ից օտարերկրյա ինտերնետ-խանութներից անմաքս գնման շեմը չի բարձրանա ներկայիս 200 եվրոյից մինչեւ 1000 եվրո:
Ինչպես ասվում է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունում, Պետական եկամուտների կոմիտեն 2022թ․ մարտի 18-ին տեղեկացրել էր, որ 2022 թվականի մարտի 17-ին Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի ընթացքում ընդունված որոշմամբ՝ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար առցանց անմաքս առևտրի շեմը՝ գործող 200 եվրոյի փոխարեն սահմանվել է 1000 եվրո և (կամ) 31 կգ: «Որոշմամբ սահմանվել է, որ այն կգործի մինչև 2022թ․ հոկտեմբերի 1-ը։ Նշված որոշումը հրապարակվել է ԵԱՏՄ հանձնաժողովի կայքում 2022 թվականի մարտի 21-ին և ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո տասներորդ օրը՝ 2022 թվականի մարտի 31-ին։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N107 որոշմամբ սահմանված է, որ անդամ պետությունների ազգային օրենսդրությամբ կարող են սահմանվել որոշմամբ նախատեսված արժեքային, քաշային և (կամ) քանակական նորմերից ավելի խիստ նորմեր, որոնց դեպքում գործում են ազգային օրենսդրությամբ սահմանված նորմերը։ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 249-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման արժեքային, քաշային շեմը սահմանված է 200000 դրամ և (կամ) 30 կգ, հետևաբար Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N107 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից՝ մարտի 31-ից, կգործի «Մաքսային կարգավորման մասին» օրենքով սահմանված՝ 200000 դրամի և (կամ) 30 կգ-ի շեմը։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ այս պահին քննարկվում է ազգային օրենսդրության և ԵԱՏՄ կարգավորումների համապատասխանեցման նպատակահարմարությունը», - ասվում է ՊԵԿ հաղորդագրությունում։
Նշենք, որ "Մաքսային կարգավորման մասին" ՀՀ օրենքի "Միջազգային փոստային առաքումներով ապրանքների և ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխումը" խորագրով 249-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետում ասվում է. "Միության անդամ չհանդիսացող պետությունից ֆիզիկական անձանց կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների համար վճարվում են միասնական մաքսային վճարներ (բացառությամբ մաքսավճարի) հետևյալ միասնական դրույքաչափերով. 1) 0 տոկոս, եթե մեկ ամսվա ընթացքում տեղափոխվող ապրանքների ընդհանուր քաշը չի գերազանցում 30 կիլոգրամը, իսկ մաքսային արժեքը չի գերազանցում 200 հազար դրամը": Այսպիսով, հայ հարկայինները ավելի կոշտ են, քան իրենց ԵԱՏՄ գործընկերները, և շատ հմտորեն օգտվել են օրենսդրական սողանցքից ՝ թույլ չտալով բարձրացնել առցանց գնումների անմաքս շեմը մինչև 1000 եվրո:
Հիշեցնենք, որ անմաքս ինտերնետ-առևտրի լիմիտը բարձրացնելու մտադրության մասին ավելի վաղ հղորդել էր ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը: Նրա խոսքով ՝ դա թույլ կտա պահպանել ընթացիկ պայմաններում հնարավոր առավելագույն հասանելիությունը անհրաժեշտ ռեսուրսներին եւ ապրանքներին:
2020 թվականի հունվարի 1-ից քաղաքացիների կողմից անձնական օգտագործման ապրանքների ներմուծման համար անմաքս շեմը կազմում է 200 եվրո: Այն սահմանվել է 2020 թվականի հունվարի 1 - ից (մինչ այդ շեմը կազմում էր 500 եվրո 2019 թվականի ընթացքում, իսկ մինչեւ 2019 թվականը՝ 1000 եվրո): Այն դեպքում, երբ ծանրոցի արժեքը գերազանցում է այդ գումարը կամ դրա քաշը կազմում է 31 կգ-ից ավելի, ապա անհրաժեշտ է վճարել տուրք՝ պատվերի արժեքի 15% - ի չափով, բայց ոչ պակաս, քան 1 կգ-ի համար 2 եվրո:
Դեռ 2019 թվականին ՌԴ ֆինանսների նախարարությունն առաջարկում էր ավելի ինտենսիվորեն իրականացնել անմաքս ներկրման սահմանաչափի նվազեցումը. մինչև 100 եվրո մեկ միջազգային առաքման համար 2020 թվականի հուլիսի 1-ից, մինչև 50 եվրո՝ 2021 թվականի հունվարի 1-ից, և մինչև 20 եվրո՝ 2022 թվականի հունվարի 1-ից: