Արմինֆո. Հայաստանը հետևողականորեն և մեթոդաբար դուրս է մղվում "Հյուսիս-հարավ" էներգետիկ միջանցքի նախագծից։ Իսկ, հաշվի առնելով տրանսպորտային-հաղորդակցային բաղադրիչի՝ էներգետիկականի նման անմխիթար վիճակը, նաև՝ "Հյուսիս-հարավ" ընդհանուր ռազմավարությունից։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել անվտանգության հարցերի փորձագետ, ք.գ.դ. Վահե Դավթյանը։
"Դա ձեռք է բերվում Բաքվի կողմից հետևողականորեն իրականացվող էներգետիկ քաղաքականության շնորհիվ, որն ուղեկցվում է իրենց Հայաստանի ղեկավարություն համարող մարդկանց՝ իր էությամբ հակաիրանական քաղաքականությամբ։ Կարող եմ ասել, որ թե սրանք, թե մյուսները իրենց գործողություններում բավականին հաջողել են։ Ինչն արդեն հանգեցրել է Հայաստանի ազգային անվտանգության համար շոշափելի եւ բավական լուրջ ռիսկերի ձեւավորման։ Հայաստանը դիտարկվում էր որպես "Հյուսիս-Հարավ" միջազգային միջանցքի շահառու՝ սկսած 2016 թվականին ՌԴ-ի, Վրաստանի և Իրանի հետ էներգահամակարգերի սինխրոնացման նպատակով էլեկտրաէներգետիկ միջանցքի ստեղծման շուրջ միջպետական պայմանագրի ստորագրումից։ Սակայն այսօրվա դրությամբ այդ մեգանախագծին Հայաստանի մասնակցության հեռանկարների մասին, ցավոք, արդեն ստիպված ենք խոսել անցյալ ժամանակով", - նշել է նա։
Փորձագետը հիշեցրել է "Հյուսիս-Հարավ" էներգետիկ միջանցքի նախագծի շրջանակներում Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի քննարկման մասին, որըմ ըստ նախագծի, պետք է շահագործման հանձնվեր դեռ 2019թ. ձմռանը: Ավելի ուշ նախագծի հանձնման ժամկետները տեղափոխվել են 2021 թիվ, իսկ այժմ՝ արդեն 2024 թիվ։ Ըստ Դավթյանի, այս ամենը Հայաստանի գործող իշխանությունների դավադիր քաղաքականության ուղղակի դրսեւորումներից մեկն էր' երկիրը տարածաշրջանային ռազմավարական, հաղորդակցային նախագծերից դուրս մղելու ուղղությամբ:
Որպես արդյունք, ըստ փորձագետի, Թեհրանն այդ նույն թեմայի շուրջ զուգահեռ բանակցություններ է սկսել Բաքվի հետ ։ Իսկ բոլորովին վերջերս՝ մարտի 17-ին, Մոսկվայում "Հյուսիս-Հարավ" էներգետիկ միջանցքի հեռանկարներն արդեն Ադրբեջան-Իրան-Ռուսաստան ձևաչափով քննարկել են ՌԴ էներգետիկայի նախարար Նիկոլայ Շուլգինովը և Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին։ Այս լույսի ներքո՝ Դավթյանը ՌԴ-ի եւ ԻԻՀ-ի էներգետիկ համակարգերի հենց Ադրբեջանի տարածքով սինխրոնիզացման հարցը համարում է, գործնականում, վերջնականապես լուծված:
"Այսպիսով, ստիպված ենք արձանագրել Հայաստանը փաստացի դուրս մղումը "Հյուսիս-Հարավ" էլեկտրաէներգետիկ միջանցքի նախագծից։ Ինչը լրացուցիչ ռիսկեր և սպառնալիքներ է ստեղծում մեր երկրի էներգետիկ անվտանգության համար՝ ապագայում։ Ընդ որում՝ բնավ ոչ միայն աշխարհատնտեսական բնույթի։ Օրինակ՝ էլեկտրաէներգիայի ներքին սակագների պարբերական բարձրացման տեսքով։ Անհրաաժեշտ է հասկանալ, որ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի կուտակած և կուտակվող հենց նույն բազմամիլիոնանոց պարտքերը պայմանավորված են հենց 3-րդ էլեկտրահաղորդման գծի կառուցման նախագծի ձախողմամբ։ Առանց արտահանման լուրջ հնարավորությունների նման արտադրական հզորություններ ունեցող օբյեկտի հաջող շահագործումը, պարզապես, անհնար է", - ամփոփել է Դավթյանը։