Արմինֆո. Evocabank-ը մարտի 28-ին ձեռնամուխ կլինի 2 մլրդ դրամ եւ 10 մլն դոլար ծավալի հերթական դրամային եւ դոլարային պարտատոմսերի առաջնային տեղաբաշխմանը: Ինչպես նշվում է այդ թողարկումների ազդագրերում, որոնք զետեղված են Հայաստանի ԿԲ կայքում, տեղաբաշխումը նախատեսվում է ավարտել 2022 թվականի հունիսի 28-ին:
Դրամային տրանշի (AMPROMB26ER3) շրջանակներում կթողարկվեն 10 հազար դրամ անվանական արժեքով 200 հազար պարտատոմս, իսկ դոլարային (AMPROMB25ER5) պարտատոմսերը' 100 դոլար անվանական արժեքով 100 հազար պարտատոմս: Դրամային պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը սահմանված է 11%, իսկ դոլարային պարտատոմսերինը' 5%: Երկու տրանշերի գծով արժեկտրոնային վճարումների պարբերականությունը նախատեսված է եռամսյակը մեկ անգամ: Այդ թողարկումների ամբողջական մարումը ծրագրվում է 2024 թվականի սեպտեմբերի 28-ին: Այդ թողարկումների մասին որոշումը Evocabank-ի խորհուրդն ընդունել է 2022թ. փետրվարի 9 - ին, իսկ բանկի վարչությունը' 2022թ. մարտի 17-ին:
Վերը նշված թողարկումների պարտատոմսեր ձեռք բերել ցանկացողները կարող են միջոցները փոխանցել Evocabank-ում բացված հաշիվներին. դրամային տրանշի համար՝ 1660043150805500, դոլարային տրանշի համար՝ 1660043125094401։
Նշենք, որ 2022թ. մարտի 23-ի դրությամբ Հայաստանի AMX ֆոնդային բորսայում գնանշվում է Evocabank - ի պարտատոմսերի 4 տրանշ. 2 դրամային՝ 1 մլրդ դրամ ընդհանուր ծավալով, եւ 2 դոլարային՝ 10 մլն դոլար ընդհանուր ծավալով: Բանկի դրամային պարտատոմսերի եկամտաբերությունը կազմել է 10%, իսկ դոլարային պարտատոմսերինը՝ 5,5%: Այդ պարտատոմսերի շրջանառության ժամկետը սահմանվել է 30 ամիս։ Այդ տրանշերի գծով արժեկտրոնային վճարումների պարբերականությունը նախատեսված է եռամսյակը մեկ։ Բանկը դրանք թողարկել է 2021 թվականին (մարտի 2-ին եւ մարտի 23-ին)՝ դրամային եւ դոլարային, սակայն ցուցակումը թվագրվել է ապրիլի 8-ին եւ 22-ին: Այդ պարտատոմսերը գնանշված են Bbond կատեգորիայում: Դրանց ամբողջական մարումը տեղի կունենա 2023 թվականին (սեպտեմբերի 2-ին եւ 23-ին):
ԱրմԻնֆո ԼԳ պատրաստած Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի 31.12.2011 թ. տվյալներով, Evocabank-ի ակտիվները հասել են 511.8 մլն դոլարի, ընդհանուր կապիտալը գերազանցել է 70.3 մլն դոլարը: 2021 թվականը բանկն ավարտել է 2.3 մլն դոլար զուտ շահույթով: Evocabank-ի նորմատիվային կապիտալը հաշվետու ամսաթվի դրությամբ կազմել է 34.5 մլրդ դրամ կամ 71.9 մլն դոլար (30 մլրդ դրամ նորմմատիվային նվազագույնի դեպքում): 2021 թվականին, տարեկան ընդմիջումից հետո, բանկը սեփական պարտատոմսերի տեղաբաշխումից ներգրավել է 5.8 մլրդ դրամի (12.1 մլն դոլար) միջոցներ, ինչը 8% - ով գերազանցել է երկամյա վաղեմության ցուցանիշը:
Հիշեցնենք, որ Evocabank-ը Հայաստանի ֆինանսական շուկայում գործում է 1990 թվականից: Evocabank-ի մեծամասնական բաժնետերը 2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ Մարետա Գեւորգյանն է՝ 95,9% բաժնեմասով, իսկ որպես անուղղակի սեփականատեր հանդես է գալիս Վազգեն Գեւորգյանը: