Չորեքշաբթի, 30 Մարտի 2022 16:12
Ալինա Հովհաննիսյան

UNCTAD-ը պատրաստ է Հայաստանում ներդրումների աջակցության ոլորտում կոնկրետ նախաձեռնությունների մշակմանը

UNCTAD-ը պատրաստ է Հայաստանում ներդրումների աջակցության ոլորտում կոնկրետ նախաձեռնությունների մշակմանը

Արմինֆո. Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի շրջանակում, մարտի 29-ին հանդիպել է ՄԱԿ-ի առևտրի և զարգացման կոնֆերանսի (UNCTAD) գլխավոր քարտուղար Ռեբեկա Գրինսպանին, քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։

 

Ինչպես հաղորդել է կառավարության մամուլի ծառայությունը, մասնավորապես, զրույցի ընթացքում բարձր է գնահատվել տնտեսության դիվերսիֆիկացման, մարդկային կապիտալի ու կայուն տնտեսական զարգացման ուղղություններով համագործակցությունը, քննարկվել են հետկովիդյան իրավիճակի առանձնահատկությունները` դեպի ծով ելք չունեցող պետությունների համար կարևորելով վերջիններիս կարիքներին հարմարեցված լուծումների անհրաժեշտություն:

 

Կողմերն անդրադարձ են կատարել նաև համագործակցության հնարավորությանը թվայնացման, ինչպես նաև ներդրումների աջակցման ուղղություններով:

 

ՄԱԿ-ի առևտրի և զարգացման կոնֆերանսի գլխավոր քարտուղարը պատրաստակամություն է հայտնել աջակցել մասնավոր հատվածի` թվայնացմանը պատրաստ լինելու գնահատման և ճանապարհային քարտեզի մշակման հարցերում:

 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային կարգով շարունակելու քննարկումները` ներդրումների աջակցման ոլորտում կոնկրետ նախաձեռնությունների մշակման նպատակով:

 

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը Հայաստանի կառավարության անունից վերահաստատել է Օրակարգ 2030-ի և կայուն զարգացման նպատակների իրականացմանը նպաստելու հանձնառությունը: