
Արմինֆո.2021 թվականի արդյունքներով Հայաստանն արտահանել է 33.9 հազ. տոննա ալյումինե փայլաթիթեղ, ինչը 3,5%-ով ցածր է մեկ տարի վաղեմության ցուցանիշից (2019թ.7.9% աճի դիմաց): Սակայն, մաքսային արժեքը տարեկան կտրվածքով, ալյումինի բորսայական գների աճի պատճառով, 25 տոկոսով բարձրացել է՝ մինչեւ 118.3 մլն դոլար: Այդ մասին են վկայում ՀՀ մաքսային ծառայության տվյալները:
Մաքսային տվյալների համաձայն՝ արտահանվող փայլաթիթեղի առյուծի բաժինը պատկանում է գերմանական շուկային (32,3 տոկոս), մնացած ծավալը բաշխվել է Լեհաստանի (12,5 տոկոս), Նիդերլանդների (10,9 տոկոս), ԱՄՆ-ի (10,5 տոկոս), Իտալիայի (10,5 տոկոս), Ֆրանսիայի (6,1 տոկոս), Իսպանիայի (5,3 տոկոս), Միացյալ Թագավորության (2,8 տոկոս) միջեւ, եւ բոլորովին փոքր մասը բաժին են ընկել Ավստրիային, Հունգարիային, Չեխիային, ՌԴ-ին:
Ընդ որում, մաքսային տվյալների համաձայն, հաշվետու տարում հաջողվել է դիվերսիֆիկացնել ալյումինե փայլաթիթեղի արտահանման շուկաները, ընդգրկելով նաեւ Կանադան (2,9 տոկոս մասնաբաժնով), Իսրայելը (1,6 տոկոս), Սլովենիան (1,1 տոկոս), Դանիան (0,6 տոկոս), Պորտուգալիան (0,3 տոկոս), Իռլանդիան (0,2 տոկոս), Մեքսիկան (0,1 տոկոս)մ նաեւ՝ Հնդկաստանը, Շվեդիան, Ռումինիան:
Իսկ ներկրվող փայլաթիթեղի ծավալը 2021 թվականին կրճատվել է 17,2 տոկոսով (2020թ. - ի 27,7 տոկոս անկման դիմաց) ՝ կազմելով 1.2 հազար տոննա ։ Նվազել է նաեւ ներկրվող փայլաթիթեղի մաքսային արժեքը ՝ 13 տոկոսով ՝ մինչեւ 5.3 մլն դոլար։ Ներկրվել է, հիմնականում, Հունաստանից (79,6%), ՌԴ-ից (9,4%), Չինաստանից (3,2%), իսկ մնացած ծավալը ներկրվել է ԱՄԷ-ից, Բուլղարիայից , Իտալիայից, Ուկրաինայից, Լեհաստանից, Իրանից, Չեխիայից, Գերմանիայից, Վրաստանից, Նիդերլանդներից, Թուրքիայից, Լիբանանից, Ղազախստանից, ԱՄՆ-ից:
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների ՝ Հայաստանում 2021 թվականին արտադրվել է 33,481 հազար տոննա ալյումինե փայլաթիթեղ ՝ տարեկան 5,6 տոկոս անկմամբ (2020թ. 16,2 տոկոս աճի դիմաց):
Նշենք, որ Հայաստանում փայլաթիթեղի հիմնական արտահանողը "Արմենալ"գործարանն է ։