Ուրբաթ, 1 Ապրիլի 2022 17:42
Կարինա Մելիքյան

ՀՀ կենտրոնական բանկը Ռուսաստանի քաղաքացիների հաշիվներ չբացելու ցուցումներ չի տվել Հայաստանի  բանկերին

ՀՀ կենտրոնական բանկը Ռուսաստանի քաղաքացիների հաշիվներ չբացելու ցուցումներ չի տվել Հայաստանի  բանկերին

Արմինֆո. ՀՀ կենտրոնական բանկը Ռուսաստանի քաղաքացիների հաշիվները չբացելու ցուցումներ չի տվել հայկական բանկերին: Այդ մասին ասվում է Հայաստանի գլխավոր բանկի պատասխանում՝ ԱրմԻնֆո-ի հարցմանը՝ ստացված ահազանգերի առնչությամբ, որ Հայաստանի որոշ բանկեր մերժում են Ռուսաստանի քաղաքացիներին հաշիվներ բացել՝ վկայակոչելով կարգավորիչի ինչ-որ ցուցում:

 

Կենտրոնական բանկի պատասխանում ընդգծվում է. "Թե ՀՀ օրենսդրությունը, թե ենթաօրենսդրական ակտերը ոչ ռեզիդենտներին չեն արգելում հաշիվներ բացել և վարել Հայաստանի բանկերում։ Սակայն բանկերն՝ իրենք, ռեզիդենտների եւ ոչ ռեզիդենտների հետ գործնական հարաբերություններ հաստատելուց առաջ (տվյալ դեպքում հաշվի բացում) իրականացնում են հաճախորդի պատշաճ ստուգում՝ օրենսդրության պահանջներին համապատասխանելու, այդ թվում՝ փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի, ինչպես նաեւ ներբանկային կանոնակարգի պահանջներին եւ կանոններին համապատասխանելու առնչությամբ:

 

Կենտրոնական բանկն իր պատասխանում տեղին է համարել անգամ նշել որոշակի  թվեր. 2022 թվականի փետրվարի 28-ից մինչեւ մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի առեւտրային բանկերում բացվել է ոչ ռեզիդենտների մոտ 27 հազար հաշիվ, որոնց ճնշող մեծամասնությունը Ռուսաստանի քաղաքացիներ են:

 

ԱրմԻնֆո-ի աշխատակիցները կապվել են մի քանի բանկերի հետ, որոնք, ռուսաստանցի հյուրերի ասելով, մերժել են հաշիվ բացել: Հարցված բանկերն իրենց մերժման համար հղում են կատարել ներքին կանոններին ու ընթացակարգերին, ընդսմին նշելով բացառիկ դեպքերի առկայությունը, որոնք ոչ ռեզիդենտների համար հաշիվ բացելու հնարավորություն են ընձեռում: Նման դեպքերը հետեւյալն են. եթե ոչ ռեզիդենտը, այդ թվում՝ ՌԴ քաղաքացին, Հայաստանում  հարազատներ ունի, եթե ոչ ռեզիդենտները պաշտոնապես բնակվում են Հայաստանում եւ ունեն կացության կարգավիճակ եւ եթե օտարերկրյա քաղաքացիներն աշխատում են Հայաստանում եւ ՀՀ-ում հարկատու են:

 

Հիշեցնենք, որ հակառուսական աննախադեպ մասշտաբային պատժամիջոցների պատճառով, որոնք առնչվել են ՌԴ խոշորագույն բանկերին, արգելափակել են միջազգային վճարային համակարգերը եւ SWIFT-ը, Ռուսաստանի բազմաթիվ քաղաքացիներ, որոնք աշխատել են արեւմտյան երկրների հետ կամ միջոցներ են վաստակել արգելափակված սոցցանցերում աշխատանքի միջոցով, սկսել են ստեղծված իրավիճակից ելք փնտրել երկրի սահմաններից դուրս: Հայաստանը դարձել է Ռուսաստանի քաղաքացիների արտագաղթի հարմարավետ ուղղություններից մեկը՝ բիզնեսը տեղափոխելու նպատակով։ Տարբեր գնահատականների համաձայն, Հայաստան է տեղափոխվել Ռուսաստանի 30-40 հազար քաղաքացի։