Երեքշաբթի, 12 Ապրիլի 2022 18:05
Նաիրա Բադալյան

Կառավարությունը փոխում է Ընդերքի մասին օրենսգիրքը

Կառավարությունը փոխում է Ընդերքի մասին օրենսգիրքը

Արմինֆո. Հայաստանի ազգային ժողովը, ավելի ճիշտ, կառավարող մեծամասնությունը, քանի որ ընդդիմությունը բոյկոտում է ընթացիկ քառօրյան, ապրիլի 12-ին առաջին ընթերցմամբ հավանություն է տվել Ընդերքի մասին օրենսգրքում կառավարության առաջարկած փոփոխություններին եւ լրացումներին:

 

Փոփոխությունների նախաձեռնողի խոսքով՝ փաստաթղթի շրջանակներում փորձ է արվում կարգավորել մի շարք հարցեր, այդ թվում ՝ ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման եւ ընդերքօգտագործման իրավունքի երկարաձգման հետ կապված իրավահարաբերությունները ՝ կապված անհաղթահարելի ուժի հանգամանքների առաջացման հետ:

 

Ինչպես հայտարարել է Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Հովհաննես Հարությունյանը, անհաղթահարելի ուժի (ֆորս-մաժոր) հանգամանքների ներքո ենթադրվում են պատերազմներ, ջրհեղեղներ, հրդեհներ, երկրաշարժեր, փոթորիկներ եւ այլ բնական աղետներ, ինչպես նաեւ պայթյուններ,  ահաբեկչություն, քաղաքացիական պատերազմ, քաղաքացիական անհնազանդություն, որոնք ընդերքօգտագործողը չէր կարող կանխատեսել, կանխել, եւ որոնց արդյունքում ընդերքօգտագործողը պատշաճ կերպով չի կատարել իր պարտավորությունները: "Անհաղթահարելի ուժի հանգամանքների առաջացման դեպքում իրավունքի գործողության ժամկետները երկարաձգվում են նշված հանգամանքների գործողության առավելագույն ժամկետով, ինչը թույլ կտա ընկերություններին պատշաճ կերպով կատարել չկատարված պարտավորությունները՝ վերջին տարիներին աշխարհում եւ Հայաստանում ստեղծված անկանխատեսելի եւ արտակարգ պայմաններում",- նշել է նա: Այս դրույթը, փոխնախարարի խոսքով, կանխատեսելիություն կապահովի ներդրողների գործունեության համար, ինչպես նաև կբարձրացնի ներդրումային գրավչությունը։

 

Ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման մասով ընկերություններին առաջարկվում է համապատասխան դիմում ներկայացնել լիազոր մարմին, որը պետք է պարզի իրավունքի փոխանցման հետ կապված բոլոր հարցերը:

 

Օրինագծով կարգավորվում են նաեւ փորձաքննության ներկայացվող նյութերի հետ կապված իրավահարաբերությունները: Կամրագրվեն օգտակար հանածոների պաշարների շարժի մասին տարեկան հաշվետվության կարգի, ձեւերի եւ լրացումների վերաբերյալ մեթոդական ցուցումները, ինչպես նաեւ տրվել է "օգտակար հանածոների կանխատեսվող ռեսուրսներ" հասկացության առավել պրոֆեսիոնալ  սահմանումը:

 

Նշենք, որ ավելի վաղ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում նախաձեռնության քննարկման ժամանակ հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանն առաջարկել էր հետաձգել նախագծի քննարկումը, քանի որ օրենսդրական նախաձեռնությունը, նրա խոսքով, հանձնաժողովին պատշաճ կերպով չի ներկայացվել. լրամշակված տարբերակն ուղարկվել է նստաշրջանի մեկնարկից քիչ առաջ, ժամկետները սուղ են եղել փաստաթղթին մանրամասն ծանոթանալու համար: "Նման մոտեցումն անընդունելի է", - ամփոփել է նա։ Սակայն հիմնական զեկուցողը նպատակահարմար չի համարել հետաձգել հարցի քննարկումը, նշելով, որ բովանդակային փոփոխություններ տեղի չեն ունեցել. ավելացվել են միայն մի քանի տերմինների պարզաբանումներ։