Չորեքշաբթի, 13 Ապրիլի 2022 10:09

Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը` առևտրի ֆինանսավորման ոլորտում շուկայի առաջատար և լավագույն ծառայություններ մատուցող բանկ    

Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը` առևտրի ֆինանսավորման ոլորտում շուկայի առաջատար և լավագույն ծառայություններ մատուցող բանկ     

Արմինֆո.Ըստ հեղինակավոր «Euromoney» ամսագրի 2022թ. անցկացրած հարցման` «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (այսուհետ` HSBC Հայաստան) երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է առևտրի ֆինանսավորման ոլորտում «Շուկայի առաջատար»: Բանկն այս տարի արժանացել է նաև ոլորտում «Լավագույն ծառայություններ մատուցող բանկ» մրցանակին:

«Euromoney» ամսագիրն իրականացնում է ամենամյա հարցումներ, որոնք միտված են բացահայտելու առևտրի ֆինանսավորման ոլորտում ծառայություններ մատուցող առաջատար կազմակերպությունները։

Մեկնաբանելով հարցման արդյունքները` HSBC Հայաստանի առևտրի ֆինանսավորման վարչության ղեկավար Արտակ Պետրոսյանը նշում է. «Առևտրի ֆինանսավորումը մեր բանկի զարգացման առանցքային գործոններից է: Հայաստանում գործունեության ավելի քան 25 տարիների ընթացում մենք ձգտել ենք միջազգային առևտուրը հասանելի և արդյունավետ դարձնել հաճախորդների համար մեր միջազգային ցանցի և աշխարհի ավելի քան 50 շուկաներում գործող հազարավոր մասնագետների միջոցով: Հայաստանում առևտրի ֆինանսավորման ոլորտում «Շուկայի առաջատար» և «Լավագույն ծառայություններ մատուցող Բանկ» ճանաչվելը վկայում է, որ մենք արդարացրել ենք հաճախորդների սպասումները, որոնք բարձր են գնահատել այս դժվարին ժամանակներում անխափան ծառայություններ մատուցելու մեր ջանքերը»:

Նշենք, որ ըստ հարցման` HSBC Խումբը ևս արդեն հինգերորդ տարին անընդմեջ ճանաչվում է առևտրի ֆինանսավորման ոլորտում աշխարհի լավագույն բանկ:

«Մենք շնորհակալ ենք այն բարձր գնահատականի համար, որին արժանացել ենք և ցանկանում ենք վերահաստատել մեր պատրաստակամությունը` հայաստանյան բիզնեսի հետագա աճին աջակցելու և նրանց մուտքը նոր շուկաներ ապահովելու ուղղությամբ»,- հավելեց պարոն  Պետրոսյանը: