
Արմինֆո. Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր հանդիպել է «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլիյի ու ընկերության այլ ներկայացուցիչների հետ։ Հանդիպումը ճանաչողական բնույթի էր, Ռոման Խուդոլիյը շնորհավորել է Ռոբերտ Ղուկասյանին Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են խմբի մամուլի ծառայությունից, կողմերը շեշտել են «Գեոպրոմայնինգի» մասնակցությամբ մարզում գործող երկու ձեռնարկությունների՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» եւ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունների կարեւորագույն դերը մարզի կյանքում։
Քննարկվել է տեղական իշխանության մարմինների հետ խմբի ձեռնարկությունների համագործակցության խորացմանը, սոցիալական ներդրումների և զարգացման ծրագրերի հետագա իրականացման ոլորտում գործընկերային հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում նոր նախագծերի նախապատրաստման շուրջ, որոնք ուղղված կլինեն տարածաշրջանի սոցիալական ծրագրերի զարգացմանը, հատկապես, Զանգեզուրի կոմբինատի կողմից, որի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը խմբի կողմից ձեռք է բերվել անցած տարվա սեպտեմբերին: Խմբի նախագահը ներկայացրել է իր գաղափարներն ու ծրագրերը, որոնք ընկերությունը նախատեսում է տարածաշրջանի կյանքի տարբեր ոլորտներում կարճաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում:
Սյունիքի մարզպետը խմբի ղեկավարին շնորհակալություն է հայտնել հանդիպման համար ու ներկայացրել մարզի զարգացման եւ համատեղ աշխատանքի սկզբունքների մասին իր տեսլականը՝ ի շահ Սյունիքի սոցիալ-տնտեսական, կրթական-մշակութային կյանքի զարգացման։
Հիշեցնենք, որ "ԳեոՊրոՄայնինգ" ընկերությունների խումբը ՝ Հայաստանի խոշորագույն արդյունաբերական ներդրողներից մեկը, երկրում աշխատում է 15 տարի ։ Խմբի հայաստանյան ակտիվները կազմված են Սոտքի ոսկու հանքից, Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայից և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատից ։ 15 տարվա աշխատանքի ընթացքում խումբն իր հայկական ձեռնարկությունների արդիականացման համար ներդրել է ավելի քան 400 մլն ԱՄՆ դոլար ։ Խմբի սոցիալական ներդրումների չափը ներկայության տարածաշրջանների զարգացման գործում գերազանցում է 10 մլն ԱՄՆ դոլարը:
Սեպտեմբերին GPM խմբի կողմից կառաավարվող "Արդյունաբերական ընկերությունը" ձեռք է բերել Հայաստանի լեռնահանքային արդյունաբերության առաջատար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 60%-ը' իր բաժնեմասի 25% - ը փոխանցելով Հայաստանի կառավարությանը: