Արմինֆո. ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար Խեյրոլլահ Խադեմիի եւ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանի հանդիպման ընթացքում քննարկվել է տրանսպորտային ոլորտում հայ-իրանական համագործակցությունն ընդլայնելու, մասնավորապես, Հյուսիս-հարավ մայրուղու ՀՀ Սյունիքի մարզում իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքներին իրանական ընկերությունների մասնակցության հարցը։
Ինչպես հաղորդել է ԻԻՀ-ում Հայաստանի դեսպանության մամուլի ծառայությունը, դեսպան Արսեն Ավագյանի հետ հանդիպման ժամանակ, ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար Խեյրուլլահ Խադեմին հայտնել է երկու երկրների միջև հաղորդակցության նոր միջանցքն ավարտելու նպատակով տեխնիկական և ինժեներական ծառայությունների արտահանման հարցում Հայաստանի հետ համագործակցելու Իրանի պատրաստակամությունը:
Անդրադառնալով հատկապես տրանսպորտային ոլորտում Հայաստանի հետ համագործակցությունն ընդլայնելու նպատակով անցած տարի Հայաստան կատարած իր այցին, Խեյրոլլահ Խադեմին ասել է. «Իրանը ձգտում է ընդլայնել իր տարանցիկ առավելությունները՝ կառուցելով նոր միջազգային ուղիներ: Այդ նպատակով կառուցվել կամ կառուցվում են նոր ավտոմոբիլային, երկաթուղային և ծովային երթուղիներ, որոնք հեշտացնում են Իրանի հասանելիությունը Հյուսիս-Հարավ միջանցքին և եվրոպական երկրներին, նվազեցնելով փոխադրման ժամանակը և, հետևաբար, տրանսպորտային ծախսերը»:
Հայաստանի դեսպանը գոհունակություն է հայտնել ճանապարհաշինության ոլորտում իրանական ընկերությունների հետ համագործակցության կապակցությամբ: «Հայաստանը ողջունում է համագործակցությունը իրանցի ճարտարագետների և կապալառուների հետ՝ շնորհիվ ճանապարհաշինության, հատկապես կամուրջների և թունելների կառուցման իր արժեքավոր փորձի, և պատրաստակամություն կա՝ Իրանի օգնությամբ կառուցել այս միջանցքի հարավային հատվածը», - ամփոփել է դիվանագետը։
Նշենք, որ "Հյուսիս-Հարավ" նախագիծը թույլ կտա իրանական սահմանից մինչեւ վրացական սահման հեռավորությունը 556 կմ-ից կրճատել մինչեւ 490 կմ: Միայն ճանապարհի հարավային հատվածում նախատեսվում է կառուցել 18 կամուրջ եւ 3 թունել, որոնցից ամենաերկար թունելը կլինի 7,5 կմ:
Ճանապարհը էապես կթեթեւացնի դեպի Սեւ ծով ելքը ոչ միայն Հայաստանի, այլեւ Իրանի համար։ Նախագիծն ի սկզբանե ֆինանսավորվել է Ասիական զարգացման բանկի վարկային միջոցներով։ Հետագայում նախագծին միացել է նաև ԿԶԵՀ-ը, որը համաձայնել է տրամադրել 150 մլն դոլար։
Նախատեսվում էր, որ աավտոմայրուղու շինարարությունը կավարտվի, նախ, 2016 թվին, այնուհետև՝ 2019 թվին, սակայն այսօրվա դրությամբ կատարվել է աշխատանքների միայն մի փոքր մասը, և նախագծի իրականացման ժամկետները կրկին հետ են մղվել 5-10 տարով։ Ընդհանուր առմամբ, նախագիծը, տարբեր գնահատականների համաձայն, գնահատվում է 2 մլրդ դոլար, թեեւ ի սկզբանե նախատեսվում էր դրա իրագործմանն ուղղորդել ընդամենը 980 մլն դոլար:
Ինչպես ակնկալում են Հայաստանի իշխանությունները, ծրագիրը թույլ կտա երկրին ապագայում մեղմել Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից շրջափակման հետեւանքները, տարանցիկ պետության դեր խաղալ տարածաշրջանի երկրների բեռնափոխադրումների գործում, ինչպես նաեւ միանալ Սեւծովյան օղակաձեւ ավտոմայրուղուն: 2020 թվականին նախագծի իրականացումը ժամանակավորապես դադարեցվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով: 2021 թվականի սեպտեմբերի վերջին Թեհրանում տեղի ունեցավ "Հյուսիս - Հարավ" ՄՏՄ-ի ակտիվացման նիստը ՝ իրանական եւ ռուսական իշխանությունների մասնակցությամբ: Կողմերը քննարկել են "Հյուսիս-Հարավ" միջազգային տրանսպորտային միջանցքի գործարկումն արագացնելու եւ Կասպյան նավահանգստում ներդրումներ ներգրավելու ուղիները: