
Արմինֆո.Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) կանխատեսում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների միջև փոխադարձ առևտրում 2022 թվականի վերջին ազգային արժույթներով հաշվարկների մասնաբաժնի ավելացում մինչև 85 տոկոս և ավելի: Այդ մասին ապրիլի 20-ին ճեպազրույցի ժամանակ հաղորդել Է ԵՏՀ պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան։
Նրա խոսքով ՝ փոխադարձ առեւտրում հաշվարկներ իրականացնելիս ազգային արժույթի օգտագործման ընդլայնումը միության պետությունների տնտեսությունների կայունության բարձրացման միջոցներից մեկն է: "Ներքին փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթներով վճարումները աստիճանաբար ավելանում են՝ 2013թ. 63 տոկոսից մինչեւ 74 տոկոս՝ վերջին հաշվետվության տվյալների համաձայն։ Ընդ որում, դոլարի բաժինը 2013 թ. 30 տոկոսից նվազել է մինչև 19 տոկոս՝ 2021թ.։ Հաշվարկների մեծ մասը բաժին է ընկնում ռուսական ռուբլուն", - նշել է ԵՏՀ ներկայացուցիչը։
Միևնույն ժամանակ, աճում է տենգեի բաժինը Ղրղզստանի և Ղազախստանի վճարումների կառուցվածքում ՝ 2013թ. 15 տոկոսից մինչև 2021թ. 24 տոկոս: Ընդ որում, ինչպես նշել է Մալկինան, հաշվարկներում ազգային արժույթի օգտագործման անցնելու ուղղությամբ մի շարք գործնական քայլեր արդեն արվել են: "Օրինակ, Հայաստանը սկսել է ռուսական գազի դիմաց վճարել ռուբլով, նավթի ու գազի դիմաց ռուբլով հաշվարկների անցնելու մասին հայտարարել է նաև Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն։ Էներգետիկ ռեսուրսները զգալի մասնաբաժին ունեն փոխադարձ առևտրում։ Եթե ազգային արժույթներով հաշվարկներին անցումը հաջող լինի, ապա, հանձնաժողովի գնահատմամբ, կարելի է ակնկալել դրանց մասնաբաժնի մինչեւ 85 տոկոս կամ ավելի աճ", - հայտարարել է նա։