Արմինֆո.Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ նախարարությունում կայացել է փոխվարչապետին կից ՓՄՁ զարգացման խորհրդի հերթական նիստը:
Գերատեսչության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, նիստի աշխատանքներին մասնակցել են խորհրդի անդամները, հրավիրյալներ պետական տարբեր գերատեսչություններից՝ Ֆինանսների նախարարությունից, Արդարադատության նախարարությունից, Պետական եկամուտների կոմիտեից, Կադաստրի կոմիտեից, ինչպես նաև լիզինգային շուկայի առաջատար հանդիսացող ֆինանսական կառույցներից, ՎԶԵԲ և ՄԹ Կառավարության Լավ կառավարման հիմնադրամի կողմից ֆինանսավորվող Գործարարության աջակցման գրասենյակի ներկայացուցիչները։
Նիստի ընթացքում մանրամասն քննարկվել և վերլուծվել են ՓՄՁ զարգացման խորհրդի անդամների կողմից ներկայացված՝ լիզինգային գործարքների և իրավաբանական անձանց լուծարման գործընթացի պարզեցման հետ կապված առաջարկները։
ՓՄՁ խորհրդի կողմից ներկայացված առաջարկներով նախատեսվում էր լիզինգային գործընթացներում որոշակի առանձնահատկություններ սահմանել՝ կապված Ֆիզիկական անձանց գույքի` հետագայում լիզինգով տրամադրման նպատակով օտարման և գույքի որոշ տեսակների կադաստրային գրանցման վերաբերյալ։
Նիստի ընթացքում քննարկվել է նաև 5 տարի և ավելի անընդմեջ գործունեություն չիրականացրած և հարկային պարտավորություններ չունեցող իրավաբանական անձանց համար լուծարման պարզեցված կարգի սահմանումը, որը հնարավորություն կտա իրավաբանական անձանց առանց տվյալ ոլորտում մասնագիտական գիտելիքների առկայության և ավելորդ վարչարարությունից զերծ մնալով, իրականացնել գործունեության լուծարում։
Հաշվի առնելով այն, որ նշված հարցերը կարիք ունեն առավել խորը և բազմակողմանի դիտարկման, նիստի ընթացքում որոշվեց ստեղծել աշխատանքային խումբ բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավվածությամբ, որի շրջանակում կքննարկվեն խնդիրների լուծման բոլոր հնարավոր տարբերակները և դրանց իրավական ձևակերպումները, և արդյուքնում կմշակվեն օրենքի նախագծեր, որենք կներկայացվեն կառավարության դիտարկմանը։