Արմինֆո. Պահպանվում է աշխարհաքաղաքական իրադարձությունների պատճառով մակրոտնտեսական հեռանկարներին առնչվող բարձր անորոշությունը։
Ընդ որում, կանխատեսվող վեկտորից գնաճի շեղման ռիսկերը, հիմնականում, հավասարակշռված են, բայց դրանց ավելի կտրուկ ուղղվածության դեպքում ԿԲ-ն պատշաճ կերպով կարձագանքի՝ գների կայունության ապահովման համար։ Այդ մասին մայիսի 3-ին լրագրողներին հաղորդել է Հայաստանի Կենտրոնական բանկի ղեկավար Մարտին Գալստյանը՝ մամուլի ասուլիսի ժամանակ, որը նվիրված էր վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ թողնելու կարգավորիչի որոշմանը։
"Շարունակվում է ռուս-ուկրաինական ռազմաքաղաքական հակամարտությունը, և պահպանվում են դրա հետ կապված անորոշությունները։ Դա բացասական ազդեցություն է թողնում Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում տնտեսության եւ ֆինանսական շուկաների զարգացման վրա։ Ավելի ուժեղ, քան սպասվում էր, տնտեսական աճի դանդաղումն այդ երկրներում ուղեկցվում է գնաճային միջավայրի ընդլայնմամբ։ Վերջինս կապված է արժեքային շղթաների խախտման և միջազգային ապրանքահումքային շուկաներում գնաճի արագացման հետ։ Եվ, որպես արդյունք, կպահպանվի արտաքին հատվածից բխող գնաճային ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա", - հայտարարել է նա։
2022 թվականի առաջին եռամսյակում երկրում տնտեսական ակտիվությունն ավելի շատ դրական տեղաշարժեր է ցուցադրել, քան սպասվում էր։ Օտարերկրյա զբոսաշրջիկների զգալի հոսքը արագացնում է ծառայությունների ոլորտի աճը ՝ մեծացնելով ընդհանուր պահանջարկը։ Դա նպաստում է Հայաստանի արտաքին հաշվեկշռի բարելավմանը և արժութային շուկայում դրամի ամրապնդմանը ։ ԿԲ գնահատականներով ՝ վերջինս նաեւ դրական կազդի ներքին գնաճային միջավայրի թուլացման վրա և կնվազեցնի գնաճային սպասումները։
Ստեղծված իրավիճակում ԿԲ խորհուրդը մայիսի 3-ին նպատակահարմար է գտել անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը' 9.25%: Կենտրոնական բանկը հետեւողականորեն համապատասխան գործողություններ է ձեռնարկում գնաճի սպասումների զսպման ցանկացած ռիսկի չեզոքացման ուղղությամբ: Կենտրոնական բանկը կանխատեսում է տարեկան գնաճի աստիճանական անկում՝ միջնաժամկետ հեռանկարում մոտենալով 4% նպատակային շեմին: Մարտի տվյալների համաձայն, վիճակագրական կոմիտեի կողմից հաշվարկվող պաշտոնական տարեկան գնաճը ավելացել է մինչև 7,4%, իսկ Կենտրոնական բանկի կողմից հաշվարկվող տարեկան բազային գնաճը ավելացել է մինչև 7% (2021թ. մարտին տարեկան, համապատասխանաբար, 5,8% և 6,6% - ի դիմաց - խմբ.):
Նշենք, որ ըստ ՀՀ Կենտրոնական բանկի մարտյան կանխատեսման, գնաճը Հայաստանում 2022 թվականի վերջին կնվազի մինչև 6,6 տոկոս՝ 2021թ. 7,7 տոկոսից՝ հետագա ամենամյա նվազմամբ մինչև 2024թ. 4 տոկոս: