Հինգշաբթի, 5 Մայիսի 2022 16:21
Նաիրա Բադալյան

ՎԶՄԲ-ը Հայաստանին 22,6 մլն եվրո վարկ կտրամադրի "Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման" համար

ՎԶՄԲ-ը Հայաստանին 22,6 մլն եվրո վարկ կտրամադրի "Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման" համար

Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Վարկային համաձայնագրով նախատեսվում է հատկացնել 22 600 000 եվրո:

 

Ըստ այդմ, ինչպես հաղորդել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, նախատեսվում է ընդլայնել «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում եղած ուղղությունները: Ինչպես նշել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Համաշխարհային բանկի աջակցությամբ 2015 թ. մեկնարկած ծրագրի շրջանակում ստեղծվել են 136 նախակրթարաններ, հիմնանորոգվել՝ 13 ավագ դպրոց, 107 ավագ դպրոցներ համալրվել են բնագիտական առարկաների 335 լաբորատորիաներով և այլն: Նախարարը հայտնել է, որ լրացուցիչ ֆինանսավորման շրջանակում, մասնավորապես, 80 բնակավայրերում նախատեսվում է ստեղծել մատչելի նախադպրոցական կրթական ծառայություններ, որոնցում ներգրավված կլինեն 4-6 տարեկան 300 երեխաներ, կհիմնանորոգվեն, կկահավորվեն և կվեարզինվեն 4 ավագ դպրոցներ, 200 հանրակրթական դպրոցների կտրամադրվեն բնագիտական և ինժեներական 5 ական լաբորատորիաներ և այլն:

 

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դպրոց-մանկապարտեզաշինությունը կապիտալ ծախսերի ոլորտից է և անհրաժեշտ է առաջիկա 5 տարվա ընթացքում ճիշտ բաշխել աշխատանքը: Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը մանրամասներ է ներկայացրել այդ ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ. «Նախ նշեմ, որ մեր գործընկերները գտնվում են Սյունիքի մարզում, իրականացնում են տեխզննման աշխատանքներ և աշխատանքները կավարտեն մոտ օրերս, դրանից հետո անմիջապես արդեն նախագծման համար մրցույթներ կհայտարարվեն: Կապանի բոլոր 13 կենտրոններն արդեն նախագծման աշխատանքներին ընթացք են տվել: Առաջիկայում նաև, կարծում եմ, հնարավորություն կունենանք սկսել նաև կենտրոնների շինարարական աշխատանքները: Հանրապետության մասշտաբով նախագծման փուլում այս պահին ունենք 40 դպրոցներ, մեկնարկած շինարարական աշխատանքները 78-ն են և 37-ը կավարտվեն 2022 թվականին: Մանկապարտեզների մասով նշեմ, որ նախագծման փուլում ունենք 23-ը, մեկնարկած շինարարական աշխատանքներ՝ 88, և 58-ը կավարտվեն 2022 թվականին: Սրանք ամբողջական տվյալներն են: Այսինքն՝ բոլոր հնարավոր ծրագրերով և բոլոր գործընկերների հետ համագործակցված աշխատանքի արդյունքն են, այդ թվում նաև ներառված են կենտրոնները: 2022 թվականին սուբվենցիայից ունենք 178 հայտ, որոնք այս պահին քննարկման փուլում են: Մենք առաջին քննարկումները և աշխատանքային խմբի հանդիպումն ունեցել ենք այս շաբաթ, և շաբաթական կտրվածքով շարունակական կունենանք այս քննարկումները: 178 հայտից նախնական կարող եմ նշել, որ առնվազն կեսը համապատասխան կլինեն մեր որդեգրած քաղաքականությանը և սահմանված նշաձողի կատարման համար: Այս պահին առնվազն 38-ն ամբողջական, նոր մանկապարտեզներ կառուցելու վերաբերյալ հայտեր են սուբվենցիաների մասով: Նաև նշեմ, որ աննախադեպ ցուցանիշները նաև պայմանավորված են սուբվենցիայի համաֆինանսավորման չափի փոփոխման հետ»:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հայտերի թիվն այս տարի մեծ է, քանի որ կառավարության սուբվենցիոն մասնաբաժինը բարձրացրվել է մինչև 70 տոկոս: «Այստեղ շատ կարևոր է, որ շինարարության բնականոն գործընթացն ապահովվի և չպետք է ունենանք իրավիճակ, որ շինարարությունն անհարկի ձգձգվի: Եթե հանկարծ խնդիրներ են ծագում, պետք է այդ խնդիրները հնարավորինս արագ լուծենք: Երկրորդ՝ շինարարության փուլի ավարտը և գույքով ապահովելու և դպրոցն արդեն աշխատելու ժամանակահատվածը մենք նույնպես պետք է հստակ պլանավորենք, որպեսզի այդտեղ էլ ժամանակային կորուստներ չունենանք: Մեր այս ծրագրով կառուցվող, հիմնանորոգվող, վերակառուցվող որևէ դպրոցում, որևէ հին գույք չպետք է լինի: Այսինքն՝ դպրոցը լիարժեք պետք է լինի նոր: Թվերը, իհարկե, այս պահին, որ մենք ունենք վատը չեն: Պետք է ճիշտ բաշխել ժամանակը և առաջադրված խնդիրը լուծել»,- ասել է վարչապետը: