Արմինֆո. Վաշինգտոնում ստորագրված հայ-ամերիկյան փաստաթղթերը կնպաստեն Հայաստանի էներգետիկ անվտանգությանն ու անկախությանը, ինչպես նաև ժողովորդավարության ամրապնդմանը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ Ամերիկյան երկրների վարչության պետ Արմեն Եգանյանը։
«Ոչ թե միայն խորհրդակցություններ են տեղի ունեցել, այլ ստորագրվել են կոնկրետ փաստաթղթեր, որոնք հուսով եմ, որ կնպաստեն ինչպես Հայաստանի էներգետիկ անվտանգությանը և անկախությանը, այնպես էլ ժողովրդավարության ամրապնդմանը, որտեղ բավականաչափ մեծ բլոկ է կազմում մեր համագործակցությունը արդարադատության ոլորտում, արդարադատության ռեֆորմների գծով», - նշել է Եգանյանը ։
Նա հիշեցրել է, որ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի ԱՄՆ այցի շրջանակում Վաշինգտոնում ստորագրվել է հայ-ամերիկյան երեք փաստաթուղթ՝ քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության մասին հուշագիրը, ինչպես նաև հակակոռուպցիոն ու իրավապահ ոլորտում բարեփոխումների համատեղ գործողությունների երկու ծրագիր։ Արմեն Եգանյանի խոսքով՝ մեկ տարի է պահանջվել հուշագրի ստորագրումը նախապատրաստելու համար:
«Աշխարհը առաջ է գնում, կան նոր տեխնոլոգիաներ, մանավանդ միջուկային բնագավառում, և Ամերիկայի պես երկիրն ունի շատ զարգացած տեխնոլոգիաներ, մոտեցումներ։ Եվ այս հուշագրի առկայության պայմաններում մենք հնարավորություն կունենանք օգտվել որոշ չափով նաև ամերիկյան, այսպես ասած, գիտելիքներից, նվաճումներից, փոխանակումներ արվեն մեր գիտնականների միջև։ Եվ արդյունքում՝ ավելի անվտանգ միջուկային թե՛ ատոմակայան, թե՛ ընդհանրապես էներգետիկա ունենանք Հայաստանում», - հայտարարել է նա «Ազատություն» ռադիոկայանին։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Երևանը քննարկում է հայկական նոր ԱԷԿ-ի կառուցման գործում ամերիկյան մասնակցության հարցը, Արմեն Եգանյանն ասել է. «Գիտե՞ք, մենք պետք է ընդգծենք, որ Ամերիկան միշտ էլ ներգրավված է եղել, նույնիսկ այս՝ գործող Մեծամորի ատոմակայանում, և մենք տարիների ընթացքում ձեռք են բերել համապատասխան ավտոմատացված համակարգեր Ամերիկայից։ Այսինքն՝ այս համագործակցությունը եղել է։ Ինչ վերաբերում է կոնկրետ Ձեր հարցին՝ այս պահին էդպես քննարկումներ տեղի չեն ունենում։ Ինչպես ես ասացի, այս հուշագիրը առաջին քայլն է, ոչ պարտավորեցնող փաստաթուղթ է, բայց, համենայն դեպս, որը բացում է դուռը ավելի խորը համագործակցության համար», - արձագանքել է դիվանագետը։
Հիշեցնենք, որ 2021 թվականի օգոստոսին տեղի է ունեցել ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման առնչությամբ առաջին աշխատանքային հանդիպումը: Աշխատանքային խմբի կազմում են Հայաստանի և Ռուսաստանի ճյուղային ընկերություններն ու կազմակերպությունները։
Պաշտոնական տեղեկատվության համաձայն, կողմերը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի կողմից մշակված №2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման հայեցակարգի նախագիծը: Վերլուծվել են հայեցակարգի շրջանակներում առաջարկվող միջոցառումներն ու մոտեցումները, ինչպես նաև այն մոտեցումները, որոնք կիրառվել են Ռուսաստանում ՎՎԵՐ-440 տիպի ռեակտորներով ԱԷԿ էներգաբլոկների շահագործման ժամկետներիի կրկնակի երկարաձգման ժամանակ:
"Մեր ընդհանուր խնդիրը ռուս ատոմագետների հետ համատեղ Հայկական ԱԷԿ-ի շահագործման անվտանգության, հուսալիության և արդյունավետության առավելագույն բարձրացումն է։ Արդեն կատարվել են նախնական հաշվարկներ, որոնց համաձայն, կայանը կարելի է լրացուցիչ շահագործել 2026 թվականից հետո", - այն ժամանակ հայտարարել էր"ՀԱԷԿ" ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։
Հայկական ԱԷԿ-ը բաղկացած է խորհրդային (ռուսական) ռեակտորներով երկու բլոկից ։ Առաջին բլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականին, երկրորդը՝ 1980 թվին։ 1989թ. մարտին Սպիտակի երկրաշարժից հետո կայանի աշխատանքը կանգնեցվել էր։ 1995թ. նոյեմբերին էներգետիկ սուր ճգնաժամի կապակցությամբ գործարկվել է կայանի երկրորդ էներգաբլոկը՝ 407,5 ՄՎտ հզորությամբ։ 2014 թվականի մարտին Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել երկրորդ բլոկի շահագործման ժամկետը երկարաձգելու մասին։