Ուրբաթ, 27 Մայիսի 2022 12:41
Ալինա Հովհաննիսյան

Huawei-ը Հայաստանում ՏՀՏ ոլորտի տաղանդավոր երիտասարդներին աջակցության ծրագիր է գործարկել

Huawei-ը Հայաստանում ՏՀՏ ոլորտի տաղանդավոր երիտասարդներին աջակցության ծրագիր է գործարկել

Արմինֆո. Հեռահաղորդակցության ոլորտում չինական խոշորագույն ընկերություններից մեկը՝ Huawei-ը, Հայաստանում գործարկել է "Ապագայի ծիլեր - 2022" ծրագիրը ՝ տաղանդավոր երիտասարդներին աջակցելու և տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների (ՏՀՏ) ուսուցման նպատակով։ Այդ մասին հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։

 

Ծրագրի շնորհիվ ուսանողները հնարավորություն կունենան ուսումնասիրել Huawei-ի բիզնես գործընթացները, միջմշակութային վիրտուալ հաղորդակցությունն ու չինական մշակույթը, ինչպես նաև գիտելիքներ ստանալ գերժամանակակից տեխնոլոգիաների, այդ թվում ՝ 5G, Al (Artificial intelligence), ամպային տեխնոլոգիաների և այլ ոլորտներում: Առցանց դասընթացների ավարտին յուրաքանչյուր ուսանող կստանա համապատասխան հավաստագիր, որը դրական կանդրադառնա նրա կարիերայի հեռանկարների վրա:

 

Ծրագիրն իրականացվում է Huawei-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (CSR) շրջանակներում:

 

Նշենք, որ Huawei-ը "Ապագայի ծիլեր" ծրագիրն առաջին անգամ Հայաստանում իրականացրել է2021 թվին: Ծրագրին մասնակցել է 20 ուսանող:

 

Հիշեցնենք, որ Huawei-ը չինական արտադրող և տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների (ՏՀՏ) բնագավառի բանական սարքերի ու ենթակառուցվածքների համաշխարհային առաջատար մատակարար: Huawei-ը մատակարարում է կապի ցանցերի սարքավորումներ, ՏՏ ապրանքներ և լուծումներ բոլոր ոլորտների համար՝ աշխարհի 170 երկրներ: Ընկերությունը հիմնադրվել է 1987 թվականին։