Արմինֆո. Հայաստանում Իրանի դեսպան Աբաս Բադախշան Զոհուրին հավանական է համարում մոտ ապագայում Իրանի և Հայաստանի միջև գազի սվոփի տեսքով նոր համագործակցությունը:
«Տեխնիկական և մասնագիտական հարցեր կան, որոնք համապատասխան մասնագետները ուսումնասիրում և քննարկում են: Ճիշտ չի լինի դրանց ավարտից առաջ մենք ցանկանանք ինչ-որ բան ասել: Սպասենք տեխնիկական, մասնագիտական արդյունքներին, բայց արդյունքը, ինչ էլ լինի, երկու երկրների օգտին է լինելու»,- հայտարարել է ԻԻՀ դեսպանը:
Նա հավելել է, որ Հայաստանում կայացած հայ-իրանական միջկառավարական 17-րդ նիստի ընթացքում կարևոր թեմաներից մեկը, որ քննարկվել է երկու երկրների միջև, էներգետիկ ոլորտի համաձայնություններն են, որի մի մասը գազի սվոփին է վերաբերվում:
Անդրադառնալով այն հանգամանքին, որ 2021 թվականի դեկտեմբերի 29-ին Իրանի կառավարությունը հավանություն է տվել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու վերաբերյալ ԱԳՆ առաջարկին, իրանցի դիվանագետը նշել է, որ Հայաստանի և Իրանի միջև կա պետական պայմանավորվածություն Կապանում հյուպատոսություն բացելու վերաբերյալ:
"Աշխատանքները սկսվել են, բայց մենք դեռ համապատասխան տարածք ձեռք չենք բերել։ Դա ապացուցում է այդ տարածաշրջանի նշանակությունը Իրանի եւ Հայաստանի համար", - նշել Է Զոհուրին, հավելելով, որ այդ քայլը շատ լավ հնարավորություն կստեղծի Իրանի Թավրիզ նահանգի հետ Հայաստանի սահմանամերձ մարզերի համագործակցության առումով, նոր լիցք եւ նոր իմաստ կհաղորդի առեւտրաշրջանառությանը։
"Մենք նախատեսում ենք համագործակցություն տարբեր ուղղություններով. գիտական, համալսարանական, տնտեսական և այլ ոլորտներում։ Մենք նաեւ շատ լավ նախագծեր ենք մշակում զբոսաշրջության ոլորտում, որոնք առաջիկայում արդեն տեղի կիրականացվեն Սյունիքում։ Դա կարող է օգնել երկու երկրների ժողովուրդներին ավելի լավ ճանաչել միմյանց", - ըստ «Արմենպրեսի»՝ ասել է դեսպանը։
Ավելի վաղ Իրանի նավթի նախարար Ջավադ Օջին հայտարարել էր, որ իր երկիրը պատրաստ է թուրքմենական գազը Հայաստան փոխադրել սվոփ համակարգով, նշելով, որ Թուրքմենստանից Հայաստան գազի փոխադրման շուրջ բանակցություններն արդեն սկսվել են: Բանակցությունների ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել գազի, նավթաքիմիական արտադրանքի արտահանման ավելացման և երկկողմ հարաբերությունների համակողմանի զարգացման ուղղությամբ:
2004 թվականին Հայաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել էլեկտրաէներգիայի դիմաց գազի փոխանակման շուրջ, որը թույլ է տալիս Իրանին գազ արտահանել Հայաստան 20 տարվա ընթացքում, փոխարենը, Իրանը Հայաստանից էլեկտրաէներգիա է ներմուծում: