
Արմինֆո."Պարսից ծոց-Սև ծով" միջազգային միջանցքի մասին համաձայնության փաստաթղթերի ստորագրումն Իրանի Իսլամական Հանրապետության և Սև ծովի տարածաշրջանի միջև առևտրալոգիստիկ համագործակցության ոլորտում դրական իրադարձությունների աղբյուր է:
Այդ մասին Իրանի արտգործնախարար Հոսեին Ամիր Աբդոլահիանը հայտարարել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուի հետ հանդիպման ժամանակ։
Ամիր Աբդոլլահիանը շնորհավորել է Կոմանեսկուին ՍԾՏՀ ստեղծման 30-ամյակի կապակցությամբ և մատնանշել Իրանի Իսլամական Հանրապետության և ՍԾՏՀ-ի միջև համագործակցության լայն հնարավորությունները, ներառյալ՝ Իրանի հնարավորությունները լոգիստիկայի և էներգետիկայի ոլորտներում:
Խոսելով "Իրանը և 30-ամյա ՍԾՏՀ. համագործակցության հեռանկարներ" միջազգային խորհրդաժողովի մասին՝ նա այդ խորհրդաժողովը հրաշալի հնարավորություն է համարել Իրանի և ՍԾՏՀ-ի միջև փոխադարձ համագործակցության ոլորտները որոշելու համար:
Նշելով "Պարսից ծոց-Սև ծով" միջազգային միջանցքի մասին համաձայնության փաստաթղթի լրամշակումը՝ Ամիր Աբդոլահիանը հույս է հայտնել, որ փաստաթղթի ստորագրումը և միջանցքի իրականացումը դրական իրադարձությունների աղբյուր կդառնան Իրանի Իսլամական Հանրապետության և Սև ծովի տարածաշրջանի միջև առևտրալոգիստիկ համագործակցության մեջ:
Ամիր Աբդոլահիանը նաեւ անդրադարձել է Ուկրաինայում հակամարտության դադարեցման ուղղությամբ Իրանի Իսլամական Հանրապետության ջանքերին, հավելելով, որ Իրանը պատրաստ է աջակցել ՍԾՏՀ-ի հետ համագործակցությանը եւ հաջողություն է մաղթել Թեհրանի միջազգային խորհրդաժողովին, հաղորդում է IRNA-ն:
"Հյուսիս-Հարավ" տրանսպորտային միջանցքը կոչված է ապահովել տրանսպորտային կապը Բալթյան երկրների եւ Հնդկաստանի միջեւ՝ Իրանի միջոցով: Այլ երթուղիների (մասնավորապես Սուեզի ջրանցքով ծովային երթուղու) համեմատ այս տրանսպորտային միջանցքի հիմնական առավելություններն են համարվում փոխադրումների հեռավորության երկու կամ ավելի անգամ կրճատումը, ինչպես նաեւ կոնտեյներների փոխադրման արժեքի նվազումը ՝ ծովային ճանապարհով փոխադրման արժեքի համեմատ:
Միջազգային տրանսպորտային միջանցքի երկարությունը կկազմի 7,2 հազար կիլոմետր: