Արմինֆո.այաստանում արագ տեմպերով թափ են հավաքում լիզինգային գործառնությունները, որոնց ընդհանուր ծավալը մինչեւ 2022թ. ապրիլը գերազանցել է 64 մլրդ դրամը (132 մլն դոլար)՝ տարեկան կտրվածքով աճելով 38,4 տոկոսով: Այդ մասին են վկայում ԱրմԻնֆո-ի պատրաստած "Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի" եւ "Հայաստանի վարկային ընկերությունների ռենքինգի" 31.03.2022 թ. տվյալները:
Մասնավորապես, լիզինգային ընկերությունների գործարքների ընդհանուր ծավալը գերազանցել է 37.7 մլրդ դրամը ($77.7 մլն), իսկ բանկերինը' 26.3 մլրդ դրամը ($54.2 մլն), եւ երկու դեպքում էլ էական տարեկան աճ է գրանցվել, համապատասխանաբար, 37.5% եւ 39.9%-ով:
Փոխկապակցված ֆինանսական կազմակերպությունների պորտֆելների կրկնօրինակումից խուսափելու նպատակով՝ լիզինգային գործառնությունների ընդհանուր ծավալի հաշվարկում ԱրմԻնֆո-ն հաշվի չի առնում ACBA եւ Արմսվիս բանկերի ցուցանիշները, որոնցում արտացոլված են ACBA Leasing եւ Արմլիզինգ ընկերությունների պորտֆելները:
Լիզինգային գործարքների միագումար ծավալում գերակշվում է ACBA Leasing-ի մասնաբաժինը՝ 52,6%, եւ Ամերիաբանկինը' 40,1%, իսկ Արմլիզինգին բաժին է ընկնում առայժմ 3,3%: Հենց այդ երեք ֆինանսական կազմակերպություններն են խթանում ընդհանուր լիզինգային պորտֆելի աճի տեմպերը: Մասնավորապես, Արմլիզինգը ապահովում է տարեկան 80,2 տոկոս աճ, Ամերիաբանկը՝ 47,7 տոկոս, իսկ ACBA Leasing-ը՝ 36,7 տոկոսով:
Ինչպես նշում են ԱրմԻնֆո-ի հետ փոխկապակցված AmRating ազգային վարկային վարկանիշային գործակալության վերլուծաբանները, լիզինգային գործառնությունների աճի նման բարձր տեմպերը դիտվում են վարկային լճացման ֆոնի վրա, ընդ որում, բանկային շուկայում՝ 0,01 տոկոս դրական մակարդակով, իսկ վարկային ընկերությունների շուկայում՝ 1,4 տոկոս բացասական մակարդակով: Եվ այս մինուսը կարող էր լինել ավելի ծանրակշիռ, եթե չլիներ լիզինգային գործառնություների բարձր ակտիվությունը:
Հիշեցնենք, որ Հայաստանում գործում են 4 լիզինգային ընկերություններ՝ ACBA Leasing (2003թ. ապրիլից), Ագրոլիզինգ (2003թ. օգոստոսից), Յունիլիզինգ (2008թ. նոյեմբերից) և Արմլիզինգ (2019թ. հոկտեմբերից): Իսկ Հայաստանում գործող 17 բանկերից լիզինգային գործառնություններ են իրականացնում 7-ը' ACBA Bank, Ամերիաբանկ, Արմսվիսբանկ, Կոնվերս բանկ, Արցախբանկ, ՎՏԲ-Հայաստան Բանկ եւ Արարատբանկ: Բայց ACBA Bank-ը եւ Արմսվիսբանկը իրենց ցուցանիշներում արտացոլում են, համապատասխանաբար, ACBA Leasing եւ Արմլիզինգ ընկերությունների լիզինգային պորտֆելները: