Արմինֆո. Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախօրեին ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել ՄԱԿ-ի ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով:
ՀՀ նախագահի աշխատակազմի հաղորդման համաձայն, Խաչատուրյանը գոհունակությամբ է արձանագրել, որ Հայաստանի և ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության միջև հարաբերությունները կայուն զարգանում են: Նախագահն ընդգծել է, որ զբոսաշրջությունը շատ կարևոր ոլորտ է Հայաստանի համար և կառավարության կողմից հռչակվել է տնտեսության զարգացման գերակա ոլորտներից մեկը:
ԶՀԿ գլխավոր քարտուղարը կարևորել է այն հանգամանքը, որ Covid-19 համավարակից հետո կազմակերպության առաջին նստաշրջանն անցկացվում է Երևանում և շնորհավորել է Հայաստանին՝ 2021-2025թթ. ժամանակահատվածի համար ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գործադիր խորհրդի անդամ ընտրվելու կապակցությամբ, ինչը կնպաստի Հայաստանի դիրքի բարելավմանը և եվրոպական տարածաշրջանում երկրի ճանաչելիության բարձրացմանը։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել համավարակով պայմանավորված զբոսաշրջության ոլորտում ի հայտ եկած մի շարք մարտահրավերների հաղթահարման, զբոսաշրջության ոլորտի զարգացման նոր ուղենիշների մշակման և համագործակցության օրակարգն ավելի հարստացնելու շուրջ:
Ընդգծվել է, որ Հայաստանը մեծ ջանքեր է ներդնում թվային տեխնոլոգիաների, կրթության, գիտության և նորարարությունների ոլորտների զարգացման ուղղությամբ, ինչն իր նպաստը կունենա զբոսաշրջության ոլորտի ներուժի բարձրացման և ամրապնդման գործում:
RUB | 4.24 | 0.04 |
USD | 387.64 | -0.37 |
EUR | 417.91 | -0.33 |
GBP | 485.83 | -0.42 |
CAD | 283.42 | -0.19 |
JPY | 24.87 | -0.04 |
CNY | 53.58 | -0.13 |
CHF | 427.48 | -0.46 |