Արմինֆո.Հայաստանում պարենամթերքի եւ նավթամթերքների գնային մրցավազքը խթանում է գնաճի թափը. 2022թ. մայիսին արդեն հասել է 9 տոկոսի՝ 2021թ. մայիսի համեմատ (մեկ տարի առաջվա 5,9 տոկոսի դիմաց):
Դա առավելապես բխել է պարենային ապրանքներից, որոնք թանկացել են 13,8 տոկոսով (նախորդ տարվա 7,6 տոկոսի դիմաց), ընդ որում, առավել զգալիորեն բարձրացել են բանջարեղենի գները՝ 51,3 տոկոսով, հնդկաձավարի գինը՝ 41,7 տոկոսով, ոսպինը՝ 34,5 տոկոսով, մակարոնեղենի գներըը՝ 27,7 տոկոսով, պանրի գինը՝ 22,9 տոկոսով, կաթնաշոռինը՝ 19,2 տոկոսով, բրնձի գինը՝ 15,8 տոկոսով, հացի գինը՝ 14,1 տոկոսով, ալյուրինը՝ 13,5 տոկոսով, տավարի եւ խոզի մսերինը՝ 12,2-10,8 տոկոսով: Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։
Մայիսյան տարեկան գնաճը փոքր-ինչ պակաս չափով սադրել են ոչ պարենային ապրանքները, որոնք թանկացել են 6,8 տոկոսով (նախորդ տարվա 9 տոկոսի դիմաց): Եվ դա, հիմնականում, պայմանավորված էր դիզվառելիքի գների աճով՝ 48,7 տոկոսով, եւ բենզինի 18,4 տոկոսով թանկացմամբ, հագուստն ու կոշիկը թանկացել են 8,5 տոկոսով, խոշոր եւ մանր կենցաղային էլեկտրասարքավորումները՝ 7,2 - 7,6 տոկոսով, կահույքը՝ 6,9 տոկոսով:
Ծառայությունների սակագները մայիսին նույնպես արագացրել են աճը՝ տարեկան մինչեւ 4,8 տոկոս (մեկ տարի առաջ 2,2 տոկոս), հիմնականում, հանգստի կազմակերպման ծառայությունների գների 26 տոկոսով բարձրացման հաշվին, ինչպես նաեւ միջազգային չվերթների ավիատոմսերի գների 14,6 տոկոսով բարձրացման հաշվին:
Միայն 2022 թվականի հունվար-մայիս ամիսներին նույնպես գնաճը հասել է 6 տոկոսի՝ 2021 թվականի նույն ժամանակահատվածի 4,7 տոկոսից: Դա պայմանավորված էր, հիմնականում, պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) գների աճի արագացմամբ՝ մինչեւ 9 տոկոս (նախորդ տարվա 7,8 տոկոսից), եւ ծառայությունների սակագների էլ ավելի բարձրացմամբ՝ 3,7 տոկոսով (նախորդ տարվա 0,9 տոկոսի դիմաց), ոչ պարենային ապրանքների գների աճի մինչեւ 3,9 տոկոս դանդաղմամբ (մեկ տարի առաջվա 5 տոկոսից): Ընդ որում, ոչ պարենային ապրանքների շուկայում դիզվառելիքը հունվար-մայիս ամիսներին թանկացել է 30,5 տոկոսով, ընդ որում, միայն մայիսին՝ 10,8 տոկոսով:
Տարեկան կտրվածքով (2022թ. հունվար-մայիսին ՝ 2021թ. հունվար-մայիսի համեմատ) նույնպես գնաճը թափ է առել՝ մինչև 7,7 տոկոս ՝ նախորդ տարվա 5.5 տոկոսից, ինչին մեծապես նպաստել են պարենային ապրանքների 12,5 տոկոս թանկացումը (նախորդ տարվա 7,6 տոկոսի դիմաց) և ծառայությունների սակագների արագացված բարձրացումը՝ 3,2 տոկոսով (նախորդ տարվա 1,9 տոկոսի դիմաց), մինչդեռ, ոչ պարենային ապրանքների գների աճը դանդաղել է մինչև 5,9 տոկոս (մեկ տարի առաջվա 7,6 տոկոսից):
Հունվար-մայիսին 6% գնաճն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի 5,9% արժեվորմամբ, մինչդեռ, մեկ տարի առաջ նույն ժամանակահատվածում ավելի ցածր 4,7% գնաճն ուղեկցվել է դոլարի նկատմամբ դրամի 0,5% - ով արժեզրկմամբ: 2022թ. մայիսին 2021թ. մայիսի համեմատ դրամը դոլարի նկատմամբ արժեվորվել է 12,4% - ով' մինչև 456,5 դր/$1՝ 9% գնաճի դեպքում, մինչդեռ, 2021թ. մայիսին 2020թ. մայիսի համեմատ դիտվել է դոլարի նկատմամբ դրամի 7,7% արժեզրկում' մինչև 521,4 դր/$1՝ 5,9% գնաճի դեպքում: -