Ուրբաթ, 3 Հունիսի 2022 16:36
Նաիրա Բադալյան

Փաշինյանն ու Պոլոլիկաշվիլին քննարկել են 2023 թվականին Հայաստանում զբոսաշրջության ոլորտում ներդրումային համաժողովի կազմակերպման հնարավորությունները

Փաշինյանն ու Պոլոլիկաշվիլին քննարկել են 2023 թվականին Հայաստանում զբոսաշրջության ոլորտում ներդրումային համաժողովի կազմակերպման հնարավորությունները

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիին, ով Հայաստան է այցելել ՄԱԿ-ի ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով:

 

Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, վարչապետը ողջունել է պարոն Պոլոլիկաշվիլիի գլխավորած պատվիրակության այցը մեր երկիր և կարևորել Հայաստանի՝ 2021-2025թթ. համար ՄԱԿ-ի ԶՀԿ գործադիր խորհրդի անդամ ընտրվելը, ինչն էլ ավելի կխթանի արդյունավետ փոխգործակցությունը: Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ զբոսաշրջությունը տնտեսության՝ կորոնավիրուսի համավարակից առավել տուժած ճյուղերից է Հայաստանում, որը ներկայում վերականգնման միտում է արձանագրում, և Կառավարությունը տարբեր ծրագրերով հնարավորինս աջակցում է այդ գործընթացին:

ՄԱԿ-ի ԶՀԿ գլխավոր քարտուղարը երախտագիտություն է հայտնել հայկական կողմին ջերմ հյուրընկալության համար ու նաև շնորհավորել վարչապետ Փաշինյանին ծննդյան տարեդարձի առթիվ, մաղթել քաջառողջություն և արդյունավետ աշխատանք: Նա ողջունել է նստաշրջանը Երևանում անցկացնելու ՀՀ կառավարության որոշումը, կիսվել տպավորություններով միջոցառման ընթացքի և իր հանդիպումների վերաբերյալ, արդյունավետ գնահատել նստաշրջանի աշխատանքները: Զուրաբ Պոլոլիկաշվիլին ուրախալի է համարել Հայաստանում տուրիզմի վերականգնման միտումը և ՀՀ կառավարության հետ գործակցությունը խորացնելու պատրաստակամություն հայտնել:

Զրուցակիցները քննարկել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները: Երկուստեք կարևորվել են գյուղական տուրիզմի և ագրոտուրիզմի զարգացմանը, ենթակառուցվածքների բարելավմանը, զբոսաշրջային բիզնեսով զբաղվելը խթանող, մտածելակերպը զարգացնող կրթական ծրագրերի իրականացմանը, նաև կանանց ձեռներեցության հզորացմանը միտված նախաձեռնությունները: Վարչապետը ներկայացրել է Կառավարության ծրագրերն այս ուղղություններով և դրանց շարունակական լավարկման համատեքստում կարևորել ՄԱԿ-ի ԶՀԿ խորհրդատվական օժանդակությունը: Զուրաբ Պոլոլիկաշվիլին հետաքրքրական է համարել ներկայացված ծրագրերը և վերահաստատել ՄԱԿ-ի ԶՀԿ պատրաստակամությունը՝ իր գործիքակազմով աջակցելու դրանց հաջող իրագործմանը:

Կողմերը մտքեր են փոխանակել հաջորդ տարի Հայաստանում զբոսաշրջության ոլորտի ներդրումային համաժողով կազմակերպելու հնարավորությունների շուրջ և պայմանավորվել շարունակել համագործակցության օրակարգի կյանքի կոչման ուղղությամբ ակտիվ աշխատանքը: