Չորեքշաբթի, 8 Հունիսի 2022 13:42

Մոսկվայի բորսան մտադիր է սակարկություններ սկսել Հայաստանի, Ուզբեկստանի եւ ԱՄԷ-ի ազգային արժույթներով  

Մոսկվայի բորսան մտադիր է սակարկություններ սկսել Հայաստանի, Ուզբեկստանի եւ ԱՄԷ-ի ազգային արժույթներով   

Արմինֆո. Մոսկվայի բորսան մոտ ժամանակներս մտադիր է սակարկություններ սկսել նոր արժույթներով՝ հայկական դրամով, ուզբեկական սումով եւ էմիրաթական դիրհամով: Այդ մասին հայտարարել է Մոսկվայի բորսայի արժութային շուկայի դեպարտամենտի տնօրեն Անդրեյ Սկաբելինը, նշելով, որ բորսան 20 արժութային զույգեր ունի հնարավոր գործարկման քննարկման համար, նշվում է «Կոմերսանտի» կայքում։

 

"Առաջիկա ամիսներին մենք մտադիր ենք սկսել հայկական դրամով, ուզբեկական սումով եւ էմիրաթական դիրհամով սակարկություններ։ Մենք տեսնում ենք, հետաքրքրությունը այս արժույթների նկատմամբ և հասկանում ենք, որ կլինի դրանց իրացվելիություն: Մի շարք տեխնիկական հարցերի լուծման հետ մեկտեղ կգործարկենք այդ զույգերը", - "ՌԻԱ Նովոստի" - ի հետ զրույցում ասել է Սկաբելինը։

 

Նրա խոսքով, մեկնարկի համար պահանջվում է մի քանի պայմանների կատարում, որոնցից ամենակարևորը մասնակիցների և նրանց հաճախորդների իրական հետաքրքրությունն է: "Որպեսզի արժույթը սակարկվի, անհրաժեշտ է մշտական պահանջարկ եւ առաջարկ, այդ ժամանակ էլ ձեւավորվում է իրական շուկա", - պարզաբանել Է Անդրեյ Սկաբելինը:

 

Նա նշել է, որ ենթակառուցվածքային տեսանկյունից ազգային քլիրինգային կենտրոնը, որը հանդես է գալիս արժութային շուկայում կենտրոնական կոնտրագենտի դերում, պետք է հաշիվ բացի արժույթի թղթակից բանկերում, գտնի ակնթարթային իրացվելիության մատակարարներին եւ նրանց հետ կնքի համապատասխան միջբանկային պայմանագրեր ՝ մասնակի ապահովման ռեժիմով սակարկությունների մեկնարկի համար:

 

Բացի այդ, ոչ պակաս կարեւոր է ապահովել շուկա ստեղծողների առկայությունը գնանշումների պահպանման համար, եւ միայն այդ բոլոր պայմանները կատարելու դեպքում Մոսկվայի բորսան կարող է մասնակիցներին նոր գործիք տրամադրել, հավելել է պարոն Սկաբելինը:

 

Հունիսի 8-ի դրությամբ Մոսկվայի բորսայում սակարկություններ են կազմակերպվել ԱՄՆ դոլարի, եվրոյի, չինական յուանի, բրիտանական ֆունտի, շվեյցարական ֆրանկի, հոնկոնգյան դոլարի, բելառուսական ռուբլու, թուրքական լիրայի, ճապոնական իենի եւ ղազախական տենգեի հետ արժութային զույգերով: