
Արմինֆո. 2022թ. հունիսի 14-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 9.25%: ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդման համաձայն, 2022թ. մայիսին 12-ամսյա գնաճն ավելացել է և կազմել 9.0%: 12-ամսյա բնականոն գնաճը ևս ավելացել է՝ կազմելով 8.4%:
«Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակում է բացասաբար անդրադառնալ ՀՀ հիմնական գործընկեր երկրների տնտեսական և ֆինանսական շուկայի զարգացումների վրա: Համաշխարհային արժեշղթաների պահպանվող խաթարումները և միջազգային ապրանքահումքային շուկաներում գների շարունակական աճը հանգեցնում են համաշխարհային գնաճային միջավայրի ընդլայնմանը: Զարգացած երկրների կենտրոնական բանկերը նախանշում են դրամավարկային քաղաքականության՝ համեմատաբար ավելի արագ տեմպերով խստացման մասին: Այսպիսով` արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցությունը դեռևս պահպանվում է:
2022թ-ի երկրորդ եռամսյակում պահպանվում է ՀՀ տնտեսության բարձր ակտիվությունը: Միջազգային այցելուների զգալի ներհոսքը և ներքին մասնավոր ծախսումների աճը նպաստում են ծառայությունների ճյուղի և ամբողջական պահանջարկի ավելացմանը: Սա հանգեցնում է ընդհանուր գնաճային միջավայրի ընդլայնմանը և գնաճային սպասումների աճին: ՀՀ ծառայությունների արտահանման էական աճը և ֆինանսական ներհոսքը նպաստում է նաև արժութային շուկայում դրամի արժևորմանը: Գնահատվում է, որ առաջիկայում վերջինս դրական ազդեցություն կփոխանցի ներքին գնաճային միջավայրի թուլացման ուղղությամբ:
Ստեղծված իրավիճակում Խորհուրդը նպատակահարմար է գտնում քաղաքականության տոկոսադրույքը թողնել անփոփոխ: ԿԲ Խորհուրդը հետևողական է լինելու համարժեք գործողություններով ապահովելու գնաճի կայունացում և չեզոքացնելու գնաճային սպասումների ապախարսխման ցանկացած ռիսկ: Կանխատեսվում է, որ 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և միջնաժամկետ հորիզոնում կմոտենա նպատակային 4% ցուցանիշին:
ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված մակրոտնտեսական հեռանկարի հետ կապված բարձր անորոշությունը դեռևս պահպանվում է։ Միաժամանակ, կանխատեսված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում հավասարակշռված են։ Ռիսկերի որևէ ուղղությամբ դրսևորման պարագայում Խորհուրդը համարժեքորեն կարձագանքի և կապահովի գների կայունության նպատակը:
Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մինչև 2022թ. հունիսի 28-ը հրապարակվելիք Գնաճի հաշվետվությունում (Դրամավարկային քաղաքականության 2022թ. երկրորդ եռամսյակի ծրագրում)», - ասվում է ԿԲ հաղորդագրությունում:
Հարկ է նշել, որ 2022 թվականին տեղի են ունեցել վերաֆինանսավորման տոկոսադրույքի երկու բարձրացում՝ փետրվարին ՝ 7,75 տոկոսից մինչեւ 8 տոկոս, իսկ մարտին ՝ մինչեւ 9,25 տոկոս, դեռեւս պահպանվում է այդ մակարդակում: Իսկ 2021 թվականից մինչ օրս տեղի են ունեցել վերաֆինանսավորման տոկոսադրույքի 8 բարձրացում ՝ ընդհանուր առմամբ 5,25% - ից հասնելով 9,25% - ի։
Ըստ վիճակագրական տվյալների, 2022թ. մայիսին Հայաստանի սպառողական շուկայում պաշտոնական տարեկան գնաճը կազմել է 9%՝ 2021թ. մայիսի 5.9% գնաճային ցուցանիշների դիմաց: Իսկ Կենտրոնական բանկի կողմից հաշվարկվող մայիս ամսվա բազային գնաճը կազմել է 8,4%՝2021թ. մայիսի 7,4%-ի դիմաց:
Հարկ է հիշեցնել, որ մարտի վերջին թարմացված Կենտրոնական բանկի կանխատեսումը 2022թ. կանխատեսում էր գնաճի նվազում մինչև 6,6%՝ 2021թ. փաստացի 7,7% - ից, 2024թ. 4%-ին մոտեցմամբ: Բայց, ամենայն հավանականությամբ, Կենտրոնական բանկի կանխատեսումների պատկերը կարող է փոխվել հունիսին նախատեսվող 2022 թվականի թարմացման մեջ, քանի որ արտաացոլված կլինեն նոր մարտահրավերները ռուս-ուկրաինական ռազմաքաղաքական հակամարտության և Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի և Եվրոպայի համալիր, աննախադեպ, մասշտաբային պատժամիջոցների ֆոնին, նկատի առնելով հանգամանքը, որ ՌԴ մասնաբաժինը գերակշռում է Հայաստանի հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներում։ Նախօրեին ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը խորհրդարանական հանձնաժողովի նիստում հայտարարել է, որ Հայաստանում գնաճային միջավայրը շարունակվելու է: Հղում անելով FAO ինդեքսին՝ նա նշել է, որ հուսադրող նորություններ չկան, քանի որ հարցն ավելի շուտ ռազմաքաղաքական է, քան՝ տնտեսական։ Այդ համատեքստում ԿԲ ղեկավարը հարց է ուղղել, թե արդյոք Ռուսաստանը թույլ կտա միջազգային շուկաներ ուկրաինական հացահատիկի մատակարարումը՝ մի շարք երկրներում սովից խուսափելու համար, ինչպես կլուծվի արեւածաղկի, եգիպտացորենի յուղի եւ այլնի խնդիրը: "Նմանօրինակ հարցերը հանգեցնում են այն մտքին, որ գնաճային միջավայրը շարունակվելու է", - նշել է նա: Կանխատեսելով հետագա իրավիճակը ՝ ԿԲ նախագահը նշել է, որ, կանխատեսումների համաձայն, Հայաստանում առկա 9 տոկոս գնաճի մակարդակը մի քանի ամիսվա ընթացքում կարող է ցույց տալ աճի որոշակի միտումներ: "Բայց եթե ոչ մի արտակարգ բան տեղի չունենա, ապա տարեվերջին գնաճը կլինի այսօրվա մակարդակից ցածր", - ասել է նա:
Նշենք, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի նախորդ բարձրացումը տեղի է ունեցել 2022թ. մարտի 15-ին ՝ միանգամից 1,25 տոկոսային կետով՝ մինչեւ 9,25 տոկոս, ինչին համապատասխան, լոմբարդային ռեպո տոկոսադրույքը 9,5 տոկոսից բարձրացվել է մինչեւ 10,75 տոկոս, եւ բանկերից ներգրավված ավանդների գծով՝ 6,5 տոկոսից մինչեւ 7,75 տոկոս: Մինչ այդ, ս.թ. փետրվարի 1-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով բարձրացել էր մինչև 8%, ինչին համապատասխան, լոմբարդային ռեպո տոկոսադրույքը բարձրացվել էր 9.25% - ից մինչև 9.5%, իսկ բանկերից ներգրավված ավանդների տոկոսադրույքները' 6.25%-ից մինչև 6.5%: Իսկ 2021թ. վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերջին բարձրացումը տեղի է ունեցել դեկտեմբերի 14-ին՝ 0,5 տոկոսային կետով՝ 7,25%-ից հասնելով 7,75% - ի։ Իսկ 2021 թվականին Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է վեց անգամ. փետրվարին (0.25 տոկոսային կետով՝ մինչեւ 5,5%), մայիսին (0,5 տ.կ.՝ մինչեւ 6%), հունիսին (0,5 տ.կ.՝ մինչեւ 6,5%), օգոստոսին (0,5 տ.կ.՝ մինչեւ 7%), սեպտեմբերին (0,25 տ.կ.՝ մինչեւ 7,25%) եւ դեկտեմբերին (0,5 տ.կ.՝ 7,75%), ինչին համապատասխան, այդ ժամանակաշրջաններում նույնքան բարձրացվել էին լոմբարդային ռեպո տոկոսադրույքը՝ նախնական 6,75%-ից մինչեւ դեկտեմբերի 9,25%, եւ բանկերից ներգրավված ավանդների տոկոսադրույքները՝ նախնական 3,75%-ից մինչեւ դեկտեմբերի 6,25%:
Իսկ 2020 թվականին ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը վերանայել է չորս անգամ՝ նվազման ուղղությամբ, և մեկ անգամ ՝ բարձրացման ուղղությամբ։ Մասնավորապես, վերաֆինանսավորման տոկոսադրույքի 5,5%-ից մինչեւ 4,25% (մարտ, ապրիլ, հունիս, սեպտեմբեր) իջեցումից հետո դեկտեմբերին բարձրացվել է մինչեւ 5,25%: Համապատասխան փոփոխության են ենթարկվել նաեւ լոմբարդային ռեպո եւ բանկերից ներգրավված ավանդների տոկոսադրույքները' մինչեւ դեկտեմբերի 6,75% եւ 3,75%: