
Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Միհրան Խաչատրյանին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ նշանակելու մասին: Համապատասխան որոշումը, ինչպես տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից, վարչապետը ստորագրել է հունիսի 17-ին։
Հունիսի 15-ին Տաթեւիկ Ռեւազյանն ազատվել էր ՔԱԿ ղեկավարի պաշտոնից: Միհրան Խաչատրյանը 2021 թվականի օգոստոսից զբաղեցնում էր ՔԱԿ նախագահի տեղակալի պաշտոնը։
Միհրան Խաչատրյանը ծնվել է 1954 թ. օգոստոսի 23-ին ք. Երևանում: 1984թ.-ին ավարտել է Լենինգրադի Քաղաքացիական ավիացիայի ակադեմիան: Ունի «Օդային տրանսպորտի շահագործում» մասնագիտությամբ օդաչու-ինժեների որակավորում: Աշխատանքային գործունեությունն սկսվել է 1973թ. նոյեմբերի 3-ից՝ քաղ. Խմելնիցկիի միավորված ավիացիոն ջոկատում՝ որպես Ան-2 օդանավի երկրորդ օդաչու: 1976թ. հունիսի 8-ից մինչև 1977թ. սեպտեմբերի 12-ը Խմելնիցկիի միավորված ավիացիոն ջոկատում աշխատել է որպես Ան-2 օդանավի հրամանատար: 1977թ. տեղափոխվել է Քաղաքացիական ավիացիայի հայկական վարչության Երևանի միավորված ավիաջոկատ՝ որպես Յակ-40 օդանավի երկրորդ օդաչու մինչև 1979թ.: 1998-2003թթ. աշխատել է «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունում, սկզբում որպես Ա-310 օդանավի հրամանատար, այնուհետ՝ Տու-154 օդանավի հրամանատար: 2011-2013թթ. աշխատել է Լիտվայի Վիլնյուս քաղաքի «Սաբենավիտա» ընկերությունում որպես Էյրբաս տիպի օդանավի վարժասարքի հրահանգիչ: 2012-2013թթ. աշխատել է Լիտվայի Վիլնյուս քաղաքում գտնվող Բալթյան ավիացիոն ակադեմիայում որպես Էյրբաս տիպի վարժասարքի հրահանգիչ: 2013-2019թթ. աշխատել է «Քաթար Էյրվեյս» ավիաընկերությունում՝ որպես վարժասարքի քննող հրահանգիչ: