Շաբաթ, 18 Հունիսի 2022 10:15

«Կորպորատիվ կառավարում. բարեվարքությունը գործարար համայնքում»

«Կորպորատիվ կառավարում. բարեվարքությունը գործարար համայնքում»

Արմինֆո.Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը հունիսի 17-ին անցկացրեց իր ամենամյա համաժողովը: Այս տարի այն նվիրվել էր Կենտրոնի 20-ամյա հոբելյանին և անցկացվեց «Կորպորատիվ կառավարում. բարեվարքությունը գործարար համայնքում» խորագրի ներքո:

Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի տարեկան համաժողովներն անդրադառնում են կորպորատիվ կառավարման ներկայի ամենահրատապ թեմաներին և Հայաստանի կորպորատիվ հատվածում դրանց ներդրման հնարավորություններին ու հեռանկարներին:

Այս տարի Համաժողովը մեկնարկեց Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի անցած ուղին և զարգացման ուղղությունները ներկայացնող տեսահոլովակով:

Համաժողովում բացման խոսքով հանդես եկավ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը, ով կարևորեց գործարար համայնքում հակակոռուպցիոն համապատասխանության և բարեվարքության մշակույթի ձևավորման անհրաժեշտությունը` որպես գործարար միջավայրի առողջացման ու կենսունակության ապահովման գրավականի:

Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE, www.cipe.org) հայաստանյան ծրագրերի ղեկավար Լուիզա Այվազյանը, ողջունելով Համաժողովի մասնակիցներին, ներկայացրեց Հայաստանում CIPE-ի կողմից իրականացվող ծրագրերը, որոնց առանցքը հակակոռուպցիոն համապատասխանությանը և բարեվարքությանը միտված ծրագրերն են: Այս տեսանկյունից նա առանձնացրեց CIPE-ի աջակցությամբ և Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի առաջնորդությամբ ձևավորված Բիզնեսի բարեվարքության ակումբը, որը Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների հակակոռուպցիոն հավաքական անդրանիկ նախաձեռնությունն է և նպատակ ունի նպաստել Հայաստանի գործարար միջավայրի թափանցիկությանն ու հաշվետվողականությանը և բարձրացնել վստահությունը երկրի տնտեսական համակարգի նկատմամբ:

Չորս նստաշրջանների ընթացքում Համաժողովի միջազգային և տեղական բանախոսների փորձագիտական խումբը պարզաբանեց լավ կառավարման հետ առնչվող մի շարք հարցեր, այդ թվում`

  • Ինչու±մ է կայանում գործարար համայնքում բարեվարքության մշակույթի անհրաժեշտությունը, և ի±նչ դերակատարում ունի այդ հարցում տնօրենների խորհուրդը,
  • Ինչպե±ս է Հայաստանում գործող Բիզնեսի բարեվարքության ակումբն աջակցում կազմակերպություններին էթիկական առաջնորդման հարցերում,
  • Ինչպե±ս խթանել հայ կանանց ներկայացվածությունը հայաստանյան ընկերությունների խորհուրդներում և ուժեղացնել նրանց մասնակցությունը կորպորատիվ որոշումների կայացման գործընթացում,
  • Ինչպե±ս է լավ կառավարումն ազդում կազմակերպությունների երկարաժամկետ զարգացման և նրանց ներդրումային գրավչության բարձրացման վրա:

Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի տնօրեն Նարինե Մելիքյանը Բիզնեսի բարեվարքության ակումբը բնութագրեց որպես ճամփորդություն, այլ ոչ թե նպատակակետ, և կոչ արեց Ակումբի մասնակիցներին լինել համբերատար ու նպատակասլաց կորպորատիվ կառավարման սեփական համակարգերը բարելավելիս:

Կորպորատիվ կառավարման միջազգային փորձագետ Մարլին Յենսի կարծիքով` բարեվարքությունը ճիշտ գործերը ճիշտ անելն է, նույնիսկ երբ ոչ ոք չի հսկում: Eric Salmon & Partners միջազգային ընկերության տնօրենների խորհրդի գլոբալ պրակտիկայի ղեկավար Հագեն Շվայնիցը մասնակիցների ուշադրությունը հրավիրեց կորպորատիվ նպատակների սահմանման, կորպորատիվ մշակույթի գնահատման և դրա վերաբերյալ հաղորդակցման հարցերում տնօրենների խորհրդի ունեցած դերակատարման վրա: IFC-ի կորպորատիվ կառավարման պատասխանատուն` Բորիս Ջանջալիան, հայաստանյան ընկերություններին խորհուրդ տվեց բիզնեսում կայուն զարգացման նպատակների ինտեգրմանը վերաբերվել ոչ որպես խնդրահարույց գործընթացի, այլ զարգացման հնարավորության:

CIPE-ի Հաշվետու ներդրումների կենտրոնի տնօրեն Էրիկ Հոնցը ներկայացրեց կառուցողական և քայքայող կապիտալների դերակատարումը հատկապես անցումային տնտեսությունների զարգացման և դրանցում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման հարցերում:

Համաժողովին մասնակցել են Հայաստանի գործարար, հանրային, հասարակական հատվածները, ինչպես նաև միջազգային կառույցները ներկայացնող ավելի քան 100 մասնակից: