Երկուշաբթի, 20 Հունիսի 2022 11:04
Ալինա Հովհաննիսյան

FLYONE ARMENIA-ն գործարկում է Երևան-Բեյրութ-Երևան կանոնավոր չվերթը  

FLYONE ARMENIA-ն գործարկում է Երևան-Բեյրութ-Երևան կանոնավոր չվերթը   

Արմինֆո. FLYONE ARMENIA ավիաընկերությունը հունիսի 20-ից կանոնավոր չվերթներ է սկսում Երեւան-Բեյրութ-Երեւան ուղղությամբ: Ինչպես հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը, թռիչքը կիրականացվի երկուշաբթի և ուրբաթ օրերին "Զվարթնոց" միջազգային օդանավակայանից դեպի Ռաֆիկ Հարիրիի անվան օդանավակայան:

 

"Սա մեզ համար կարևոր իրադարձություն է, քանի որ հնարավորություն է ստեղծվում սերտորեն կապել մեր բարեկամ ժողովուրդներին, բարձրացնել ճանապարհորդությունների հասանելիությունը ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ բիզնեսի և հայկական սփյուռքի ներկայացուցիչների համար ։ Մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի այս չվերթը պահանջված դառնա մեր ուղևորների համար", -Երևան-Բեյրութ-Երևան չվերթի մեկնարկի հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարել է FLYONE ARMENIA ընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը: Հիշեցնենք, որ հունիսի սկզբին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Անանյանը հաղորդել էր, որ այս տարի ընկերությունը նախատեսում է ավելացնել մի քանի ուղղություններ Մերձավոր Արեւելքում, մասնավորապես, փոխադրումներ իրականացնել դեպի Թեհրան եւ Բեյրութ: Բացի այդ, դիտարկվում է ՀՀ քաղաքացիների կողմից պահանջված հանգստի գոտիների ուղղությամբ չարթերային չվերթներ իրականացնելու հնարավորությունը ։

 

Նշենք, որ FLYONE ARMENIA (www.flyone.am) հիմնադրվել է 2021 թվին: Հոկտեմբերի 27-ին ՀՀ քաղավիացիայի կոմիտեն ընկերությանը տրամադրել է օդանավ շահագործողի վկայական: Ընկերությունը ստացել է IATA 3F երկնիշ կոդը և ICAO FIE եռանիշ կոդը։ Ավիաընկերության նավատորմը բաղկացած է Airbus A320 ընտանիքի ինքնաթիռներից, որոնք նախատեսված են 180 տեղի համար եւ համապատասխանում են օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) եւ EASA անվտանգության բոլոր չափանիշներին:

Ընկերությունն աշխատում է որպես FLYONE-ի (www.flyone.eu) հայկական ստորաբաժանում: Ընկերության աշխատանքը մեկնարկել է 2016 թվականին Մոլդովայի Հանրապետությունում և ներկայումս ընկերությունը հանդիսանում է տարածաշրջանի ավիացիոն շուկայի առաջատարներից մեկը: FLYONE - ը բազմիցս մտել է EMEA (Եվրոպա, Մերձավոր Արեւելք եւ Աֆրիկա) կատեգորիայի լավագույն 10 առավել ճշտապահ ընկերությունների մեջ:

 

FLYONE ARMENIA-ի բոլոր տոմսերը, ներառյալ լրացուցիչ ծառայությունները, կարելի է ձեռք բերել www.flyone.am կայքում կամ բջջային հավելվածի միջոցով, որը հասանելի է Google App-ում կամ App Store-ում, ինչպես նաեւ բոլոր գործընկեր ընկերությունների գրասենյակներում: